fbpx
Խորհրդարան

Պատգամավորներն ամփոփել են ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքները

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Էդմոն Մարուքյանն ու Տաթևիկ Հայրապետյանն ապրիլի 16-ին հրավիրած մամուլի ասուլիսում մանրամասներ են ներկայացրել ապրիլի 8-ից 12-ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքներից:

Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել է նստաշրջանի ընթացքում ու վեհաժողովի իրավաբանական և մարդու իրավունքների հարցերի կոմիտեում քննարկված բանաձևերը: Բանախոսը նշել է, որ դրանցից մեկը նվիրված է եղելադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, այսպես կոչված, փողերի լվացմանն ու խավիարային դիվանագիտությանը: «Խավիարային դիվանագիտությունն այլևս չի աշխատում Եվրախորհրդարանում»,-ասել է Վլադիմիր Վարդանյանը: Նա նաև նշել է, որ նման դիվանագիտության մասին խոսք լինել չի կարող, քանի որ ադրբեջանական կողմի բացասական վարքը հիշատակվում է տարբեր զեկույցներում: Հայկական պատվիրակությունը նաև միացել է քրիստոնյաների հետապնդումներին վերաբերող բանաձևին՝ կարևորելով նրանց պաշտպանության հարցը:

ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը կարևորել է Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ընդգծելով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը վերաբերող մասը:

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը նույնպես դրական է գնահատել վարչապետի խոսքը և նշել, որ ԵԽԽՎ-ն սպասելիքներ ունի Հայաստանից և նրա ղեկավարներից: «Ժամանակն է խոսքից անցնել գործի»,- ասել է պատգամավորը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հավաստմամբ՝ հայկական պատվիրակությունը դրական վերաբերմունքի է արժանանում եվրոպացի գործընկերների կողմից և նրանց հետ հաստատվում են բարեկամական կապեր:

Պատվիրակության անդամները պատասխանել են նաև լրագրողների բազմաբնույթ հարցերին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ