fbpx
Կառավարություն

Պատրաստվում ենք ստուգումներ իրականացնել ընդհուպ 1991թվական․ Էդուարդ Աղաջանյան

Մեր քաղաքական թիմի նպատակներից մեկը հենց դա է, ու մենք մինչև վերջ գնալու ենք ճշմարտության բացահայտման ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով հարցին, թե Կառավարությունն իր ստուգումներով կանդրադառնա՞ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին:

Նրա խոսքով՝ իրենք պատրաստվում են ստուգումներ իրականացնել, և այդ ստուգումները կարող են վերաբերել 90-ականներին, ընդհուպ 1991 թվական:

«Մենք կփորձենք բացահայտել բոլոր այն ապօրինությունները, առնվազն հանրային հնչեղություն ունեցող այն ապօրինությունները, որոնք մինչ օրս հանրության մեջ որոշակի հարցեր են առաջացնում ու դրանց պատասխանները մեր հանրությունը չունի»,-ասաց նա:

Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ բարդ գործընթաց է սպասվում, քանի որ արխիվացման գործընթաց կա։

«Հաշվի առնելով, որ փաստաթղթերի հասանելիության խնդիր կառաջանա ու այս պահին նույնիսկ շատ ավելի թարմ քրեական գործերի շրջանակներում հասանելիության խնդիր կա, բարդ գործընթաց կլինի: Բայց մեր քաղաքական թիմի նպատակներից մեկը հենց դա է, ու մենք մինչև վերջ գնալու ենք ճշմարտության բացահայտման ուղղությամբ»,-ասաց նա:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, անդրադառնալով գնահատականներին, ըստ որոնց, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը ծիծաղելի է, ասաց, որ չգիտի, թե ինչն է ծիծաղելի:

«Գուցե հանրության որոշակի շերտերի համար ընկալվել է այնպես, որ դա միակ հանցագործությունն է, որը վերագրվում է պարոն Սարգսյանին քննչական մարմինների կողմից: Ես, իհարկե, չխախտելով որևէ մեկի անմեղության կանխավարկածը, կարծում եմ, որ հանրության լայն շրջանակներում կա վստահություն, որ դա ամենևին ամբողջը չէ:

Դա ընդամենը այդ քրեական գործի շրջանակներում մեղադրանք է, և չենք բացառում, բնականաբար, որ այլ գործերի շրջանակում ևս էլ ավելի մեծ մասշտաբի և էլ ավելի ծանր հանցագործություններ կվերագրվեն՝ ոչ միայն պարոն Սարգսյանին, այլ նաև այլ նախկին, և ինչպես տեսաք ներկա իշխանության ներկայացուցիչներին։ Հետևաբար՝ այս տեսանկյունից կարծում եմ, որ ամեն ինչ շատ լավ է ընթանում»,-ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ