Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը պատվաստվեցին կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութով:
Լրագրողների հետ զրույցում Տիգրան Ավինյանը նշեց, որ նրանք հատուկ են ընտրել հենց այս պատվաստանյութը, քանի որ ամենաշատը հենց դրա մասին են սուտ լուրեր տարածում: Փոխվարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ 200 մլն պատվաստվածից միայն մի քանի տասնյակի մոտ են խնդիրներ առաջացել: Սակայն այդ 200 մլն մարդը եթե վարակվեր կորոնավիրուսով, մոտ 4 մլն մահվան դեպք կլիներ (վարակվածների մոտ 2 տոկոսը մահանում է), և սրանք, Ավինյանի խոսքով, անհամեմատելի թվեր են:
Ինչպես իր հերթին նշեց Անահիտ Ավանեսյանը, նրանք սեփական օրինակով ցույց տվեցին, որ պատվաստումները կարևոր կանխարգելիչ միջոցառում են, որոնք պետք է օգնեն հաղթահարել պանդեմիան և վերադառնալ բնականոն կյանքին:
Պատվաստանյութերը այսօր, բանախոսների խոսքով, հասանելի են բոլոր պոլիկլինիկաներում, և ցանկացած քաղաքացի 18 տարեկանից բարձր կարող է պատվաստվել:
Տիգրան Ավինյանի խոսքով, պատվաստումները ազդելու են երկրների միջև հարաբերությունների, տուրիզմի, տնտեսական իրավիճակի վրա:
«Մեր քաղաքականությունը պետք է լինի հնարավորինս շատ մարդկանց համոզել, խրախուսել, որպեսզի քովիդ-19-ի դեմ պատվաստման գործընթացին մասնակցեն», – ասաց նա: