fbpx
Քաղաքականություն

Պայմանավորվածություն է ձեռք բերվել անհետ կորածների ճակատագրի պարզման հարցով համագործակցել․ Փաշինյան

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությասն պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի նախագահի հետ իր հեռավար հանդիպման մասին, մասնավորապես՝ ի՞նչ հարցեր են քննարկվել, և արդյո՞ք պայմանավորվածություններ են ձեռք բերվել գերիների և անհետ կորածների խնդրով:

«Քննարկվող կարևոր հարցերից մեկը եղել է հումանիտար հարցերի լուծումը: Դուք գիտեք, որ այդ հանդիպումից հետո 8 հայ գերիներ վերադարձան հայրենիք: Ուզում եմ իմ գնահատանքի խոսքը հնչեցնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գործադրած ջանքերի առիթով: Հանդիպումից հետո մի այսպիսի թյուրըմբռնում եղավ հետևյալի շուրջ. մենք խոսել ենք նաև առաջին պատերազմում անհետ կորածների ճակատագրի մասին, նաև 44-օրյա պատերազմում անհետ կորածների ճակատագրի մասին:

Ադրբեջանն անընդհատ խոսում է այն մասին, որ Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո իրենք ունեն շուրջ 4000 անհետ կորածներ, բայց ես ուզում եմ ընդգծել, որ հայկական կողմը նույնպես ունի անհետ կորածներ, պաշտոնական թվերով՝ 777 անհետ կորածներ ունենք:

Փորձ է արվում ներկայացնել, թե հայկական կողմը նաև այս հարցում կոնկրետ քայլեր չի ձեռնարկել: Վերջին մեկ տարվա ընթացքում ադրբեջանական կողմին է փոխանցվել առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 մարդու մարմին: Առաջիկա օրերին պատրաստվում ենք ևս 2 մարմին փոխանցել»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ ակնկալում է, որ ոչ միայն առաջին պատերազմում, այլև 44-օրյա պատերազմում անհետ կորածների ճակատագրի պարզման հարցում կհաջողվի համագործակցություն հաստատել:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել անհետ կորածների ճակատագրի պարզման հարցով համագործակցել»,- ասաց վարչապետը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ