fbpx
Խորհրդարան

Իշխանությունը պետք է օր առաջ ձևավորի արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցության ձևաչափեր․ «Հանուն Հանրապետության»

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը, Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելով «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» կուսակցությունների դաշինքի կազմում չհաղթահարեց ընտրական շեմը և ներկայացված չի լինի նորընտիր խորհրդարանում։

Միևնույն ժամանակ կուսակցությունն արձանագրում է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվել են ազատության, արդարության և թափանցիկության պայմաններում՝ ապահովել լեգիտիմ իշխանության ձևավորումը։

Այս մասին հայտարարություն է տարածվել նշված կուսակցության Facebook-ի պաշտոնական էջում։

Այդուհանդերձ, կուսակցությունը մտահոգիչ է համարում «այն հանգամանքը, որ բացարձակ մեծամասնություն ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանում ներկայացված միակ ռեֆորմիստական քաղաքական ուժն է, մինչդեռ խորհրդարանական մյուս երկու ուժերն ամենևին միտված չեն ժողովրդավարական և իրավական բարեփոխումներին և իրենց շահը տեսնում են Հայաստանի մոդերնիզացումն ամեն կերպ խոչընդոտելու, հետխորհրդային ավտորիտար, քրեաօլիգարխիկ համակարգի վերականգնման մեջ»։

«Ստեղծված իրավիճակում մեծ է վտանգը, որ խորհրդարանը, երկրի զարգացման, դատաիրավական, ռազմական, տնտեսական և սոցիալ-մշակութային բարեփոխումների համալիր քննարկման և քաղաքական որոշումների կայացման ինստիտուցիոնալ հարթակ լինելու փոխարեն, դառնալու է անձնական թիրախավորման, պիտակավորման, հանրության զգալի սեգմանտին թյուրիմացության մեջ պահելու, անձնական բնույթի բախումներ հրահրելու, թանկարժեք ժամանակն անպտուղ վատնելու վայրի՝ նպաստելով սողացող հետադիմության ռևանշիստական նկրտումներին։

Հայաստանի Հանրապետությունը, ընկղմված լինելով ներքին և արտաքին վտանգավոր մարտահրավերների խորը հորձանուտում, չունի ժամանակ և ռեսուրս բարեփոխման և արդիականացման օրակարգն իրագործելու հնարավորությունը մսխելու համար։ Հետևաբար, նորընտիր իշխանությունը որևէ կերպ չպետք է տուրք տա խորհրդարանական ընդդիմության կարգավիճակում հայտնված հետադիմական ուժերի նկրտումներին և բարեփոխումները վիժեցնելուն ուղղված սաբոտաժին և պետք է օր առաջ ձևավորի արտախորհրդարանական առողջ ուժերի հետ համագործակցության գործուն ձևաչափեր երկրի վերափոխման և արդիականացման ուղղված բարեփոխումների շուրջ հասարակական-քաղաքական կոնսենսուս ձևավորելու համար։

Երկրում ժողովրդավարության անշրջելիության ինստիտուցիոնալ երաշխիքների ձևավորմանը՝ դատա-իրավական ոլորտի, իրավապահ մարմինների, հատուկ ծառայությունների, դիվանագիտական գերատեսչության, ողջ պետական ապարատի լայնածավալ և արմատական բարեփոխումների իրականացմանը, սոցիալ-տնտեսական և ռազմա-քաղաքական արդիականացմանը նպաստելու նպատակով

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հայտարարում է, որ․

– պատրաստ է համագործակցել գործող իշխանության համատեղ ուժերով ձևավորվելիք ինստիտուցիոնալ հարթակի շրջանակում,
– ունի անհրաժեշտ գիտելիքներն ու փորձը՝ մասնագիտական և փորձագիտական ներուժը Հայաստանում դատաիրավական բարեփոխումների և սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանն աջակցելու նպատակով,
– համագործակցելով Հայաստանում դատա-իրավական բարեփոխումների ջատագով իրավաբանների հետ՝ սկսում է դատաիրավական խորքային բարեփոխումների ծրագրի մշակումը՝ այն գործող իշխանության և փորձագիտական հանրույթի քննարկմանը դնելու նպատակով։

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը, հավատարիմ մնալով ժողովրդավարական և իրավական պետության կերտման օրակարգի իրացման գործում, առաջարկում է մեկնարկել խորհրդակցություններ առողջ և կառուցողական քաղաքական միավորների հետ ժողովրդավարական և հայաստանակենտրոն համախմբում իրականացնելու նպատակով», – ասվում է հայտարարությունում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ