fbpx
Էկո

Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է ԲԸՏՄ աշխատակիցներին

Շրջակա միջավայրի նախարարության Facebook-ի պաշտոնական էջը գրում է․

«Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գնել Հասրաթյանին և տեսչական մարմնի ստորաբաժանումների ղեկավարներին։


Քննարկվեցին ոլորտում առկա խնդիրները, կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով՝ դրանց լուծմանը միտված ընթացիկ գործընթացների վիճակը, ինչպես նաև առանձին քննարկման արժանացավ տեսչական մարմնին տրված լիազորությունների շրջանակը, գործիքակազմը և դրանք իրացնելու հնարավորությունները։

Մասնավորապես անդրադարձ կատարվեց ապօրինի ջրօգտագործման, ծառահատումների, անազատության մեջ պահվող կենդանիների հաշվառման հիմնախնդիրներին, համակարգային փոխգործակցության հատվածում բացերին, վերահսկման և կանխարգելման նոր գործիքակազմի մշակման անհրաժեշտությանը։

Նախարարն անդրադարձավ նկատելի թերություններին ու իրավասու մարմինների միջև գործողությունների հետևողականության և համագործակցության տեսանելի բացերին։


Ըստ նախարարի, առկա են շրջակա միջավայրում արձանագրված բազմաթիվ իրավիճակային խնդիրների և դրանց հակազդելու, կանխարգելելու, հետևանքները վերացնելու ընթացակարգերի և օրենսդրական իրավակարգերի խիստ անհամապատասխանություն։

Նախարարի պնդմամբ, շատ հաճախ վերահսկողական գործառույթներով օժտված տեսչական մարմնի բարեվարքության վրա ազդում է այդ լիազորություններն իրացնելու գործընթացի բարդ ընթացակարգը և արդյունքում տեսուչին հնարավորություն չի ընձեռվում շրջակա միջավայրի ամենատարբեր իրավախախտումներին տալ արագ գնահատական և օպերատիվորեն հակազդել իրավախախտների գործողություններին։

«Շրջակա միջավայրի նախարարության ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի փոխգործակցությունը կատարելագործվելու և ավելի ինստիտուցիոնալ հունի մեջ դնելու կարիք կա։


Պետությունը ձեզ օժտել է գործիքակազմով, որպեսզի դուք յուրաքանչյուր խնդրի ու ապօրինի գործողության արագ և տեղում արձագանքեք, հետամուտ լինեք դրանց հետևողական ու ամբողջական լուծմանը։ Մեր գերատեսչություններն ամենաուղղակի ազդեցությունն ունեն շրջակա միջավայրի ճիշտ և հոգատար կառավարմամբ պայմանավորված՝ հասարակության վարքագծի ձևավորման վրա, ինչն այսրոպեական ձեռնարկումներ ու միջամտություններ է պահանջում»։

Հանդիպման ընթացքում մշակվեց առաջիկա կարճաժամկետ գործողությունների ճանապարհային քարտեզ։

Հայաստանի Հանրապետությունում բնապահպանական խնդիրները շատ են, և կարիքը կա խիստ համագործակցության ու փոխգործակցության ավելի լայն մասշտաբների և արդյունավետ, երկուստեք իրականացվող գործընթացների։

Ամփոփելով հանդիպումը, նախարարը հույս հայտնեց, որ ամենասեղմ ժամկետներում նոր քաղաքականության շրջանակներում կմշակվի փոխգործակցության ավելի արդյունավետ համակարգ, կստեղծվեն հաղորդակցության ու հետադարձ կապի ինտերակտիվ խողովակներ և երաշխավորեց, որ ձեռնամուխ կլինի տեսչական մարմնի ինստիտուցիոնալ հզորացման ու կարողությունների ընդլայնման գործին»։


https://www.facebook.com/mnparmenia/posts/2534601256788555?__cft__[0]=AZXIHFiaX3BFya2FAKSCwLJDcDe0BfcaDDmVSyzIUmhU1_RTfKBr9lI_6fj3fhCpLtuxuIeXGAYmitKMy0fkAr5ifNVJLs81T4irMsdGuQ5gKZkGO74kzoq1BipYmWK49jQvBnH5ILNv_8-j6jGx7prb5T6u9QPYkpvQOFqLk0l3vQ&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ