fbpx
Աշխարհ

Երևանում փոխանցել ենք հզոր ուղերձ Հայաստանի ժողովրդավարությանը և անվտանգությանը աջակցելու մասին․ Փելոսի

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ամփոփիչ հայտարարություն է տարածել իր գլխավորած կոնգրեսական պատվիրակության հայաստանյան այցի մասին` պատմելով Հայաստանի հանդեպ Միացյալ Նահանգների հանձնառության և Հայաստանի ժողովրդավարությանն ու անվտանգության աջակցելու` Երևանում հղած իր հզոր ուղերձի մասին։ Այս մասին հաղորդվում է Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարությունում։ «Տեղեկացված և ոգեշնչված մեզ ցույց տրված ընդունելությունից` մեր պատվիրակությունը վերադառնում է Վաշինգտոն` հպարտ և պատրաստ առաջ մղելու Կոնգրեսի երկարամյա հանձնառությունը ժողովրդավարական Հայաստանին և անվտանգ, խաղաղ կովկասյան տարածաշրջանին», – նշել է Նենսի Փելոսին։

Ներկայացուցիչների պալատի խոսնակն ընդգծել է, որ կոնգրեսական պատվիրակության այցը Հայաստան նախատեսված էր սեպտեմբերի 12-ի ռազմական գործողությունների մեկնարկից առաջ։ «Մեր կոնգրեսական պատվիրակությունը մեկնեց Հայաստան, որը կարևոր ճակատ է դեմոկրատիայի (ժողովրդավարության) և ավտոկրատիայի (անձնիշխանության) միջև պայքարում: Մայրաքաղաք Երևանում տեղի ունեցած մեր հանդիպումների ընթացքում փոխանցել ենք հզոր ուղերձ Հայաստանի ժողովրդավարությանը և անվտանգությանը աջակցելու մասին, մասնավորապես` Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումից հետո», – նշել է Փելոսին։

Նա պատմել է, որ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի անդամներ Ֆրենկ Փալոնի, Աննա Էշուի և Ջեքի Սփիերի հետ իրենց այցը սկսվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղկեպսակ դնելով։ «Այնտեղ մենք աղոթեցինք Ցեղասպանության ժամանակ սպանված 1,5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների համար: Կոնգրեսը հանձնառու է երաշխավորելու, որ Ցեղասպանության մասին ճշմարտությունը երբեք չի մոռացվի, այդ իսկ պատճառով 2019 թվականին մենք ընդունեցինք Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող օրինագիծ, որին նախագահ Բայդենը արձագանքեց անցյալ տարի իր պաշտոնական ճանաչմամբ: Մեծ պատիվ էր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից պարգևատրվել դեսպան «Հենրի Մորգենթաու» մեդալով, որը ես ընդունեցի Կոնգրեսի անունից՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և իրազեկման բարձրացման մեր աշխատանքի համար»,-նշել է Փելոսին։

Անդրադառնալով Հայաստանում ունեցած բարձր մակարդակի հանդիպումներին` խոսնակը նշել է, որ կոնգրեսական պատվիրակության համար պատիվ էր հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ «Այս հանդիպումները հնարավորություն ընձեռեցին մտքեր փոխանակելու Հայաստանում և տարածաշրջանում կայունության, խաղաղության և բարգավաճման առաջմղմանն ուղղված քաղաքականությունների և գործողությունների վերաբերյալ», – նշել է նա։

Նշվում է նաև Հայաստանի քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ անցկացված կլոր սեղանի մասին, որի ընթացքում Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները, ինչպես Նենսի Փելոսին է ձևակերպել, արտահայտել են իրենց ժողովրդի մտահոգություններն ու կարիքները այս դժվարին պահին և իրենց լույսն են սփռել Հայաստանի ժողովրդավարության և անվտանգության համար մղվող պայքարի վրա: «Ինձ համար պատիվ էր դիմել այդ առաջնորդներին՝ ելույթ ունենալով Գաֆեսճեան արվեստի կենտրոնում, որը հայկական մշակույթի գոհարն է, որտեղ ես հստակ ուղերձ հղեցի Հայաստանին Ամերիկայի հանձնառության մասին», – ասել է նա։

Փելոսիի խոսքով` ավելի ուշ իրենք հանդիպել են նաև Հայաստանի խորհրդարանական ընդդիմության առաջնորդների հետ։ «Թեև ներքին քաղաքականության հետ կապված տարաձայնություններ կան, այդ առաջնորդների միջև հստակ համաձայնություն կար, որ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիան», – հավելել է խոսնակը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ