Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են տարածաշրջանային և միջազգային մի շարք կարևոր հարցեր։ Հանդիպումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ և տևել է 40 րոպե։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։
Կողմերը անդրադարձել են նաև ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների սառեցման խնդրին։ Ըստ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, նախագահ Պուտինը տվել է իր հայտնի գնահատականը եվրոպացիների այս քայլերի վերաբերյալ։ Բացի այդ, քննարկվել են նաև Պաղեստինում և Սիրիայում վերջին զարգացումները։ Թուրքիայի նախագահը ընդգծել է, որ իր երկիրը շարունակելու է աջակցել խաղաղության նախաձեռնություններին։

