Առողջապահություն

Օրական քանի՞ ձու կարելի է ուտել

Օրական մեկ ձուն չի բարձրացնում սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը, նշել են Հարվարդի համալսարանի Տ.Հ. Չանի անվան հանրային առողջապահության դպրոցի գիտնականները։ Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են BMJ-ում։

Հետազոտողներն ուսումնասիրել են երեք մեծ հետազոտություն, որոնց մասնակցել է 215 000 մարդ, որոնք լուրջ քրոնիկական հիվանդություններ չեն ունեցել հետազոտությունն սկսելու պահին։ Նրանց առողջական վիճակին հետևել են 34 տարի։

Հետազոտողներն ուսումնասիրել են մասնակիցների սննդաբաժինները և պարզել, որ մարդիկ սովորաբար շաբաթական ուտում են մեկից մինչև հինգ ձու։ Պարզվել է, որ այս քանակությունը չի բարձրացնում միոկարդի կաթվածի, սրտի իշեմիկ հիվանդության և ինսուլտի հավանականությունը։ Ձվի օգտագործման և սիրտ-անոթային հիվանդությունների հավանականության միջև կապ հայտնաբերվել է միայն այն մարդկանց պարագայում, որոնք տառապում են 2-րդ տեսակի շաքարային դիաբետով։

«Մարդկանց մեծ մասն օրական միջինը մեկ ձվից ավելի չի ուտում։ Կարելի է նախաճաշին երկու ձու ուտել, բայց միայն շաբաթը երկու կամ երեք անգամ։ Այսպիսով, միջին սպառումը փաստորեն օրական մեկ ձվից քիչ է ստացվում»,- ասել է հետազոտության համահեղինակ Ֆրենկ Հուն։

Բացի այդ, գիտնականները կատարել են եվրոպական, ամերիկյան և ասիական 28 հետազոտությունների մետաանալիզ, որոնք ուսումնասիրել են 1,7 մլն մարդու՝ ձու օգտագործելու սովորությունները։ Այդ հետազոտությունների տվյալները նույնպես հաստատում են, որ օրական մեկ ձուն բացասական ազդեցություն չի գործում սրտի առողջության վրա։

Ասիական հետազոտություններում ձվի օգտագործման կապ է հայտնաբերվել սիրտ-անոթային հիվանդությունների որոշակի նվազման հետ։ Գիտնականներն առաջարկել են դա բացատրել նրանով, որ ասիական մշակույթներում ձուն սովորաբար առկա է տարբեր կերակրատեսակների բաղադրությունում, այն դեպքում, երբ արևմուտքում ձուն հաճախ առանձին են ուտում, ընդ որում՝ կարմիր կամ վերամշակված մսով և սպիտակ հացով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ