Մայիսի 24-ին Ազգային ժողովում Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստի ընդմիջման ընթացքում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից լրագրողները հետաքրքրվել են Բագրատաշենի անցակետում տեղի ունեցած միջադեպի մանրամասներով:
«Բագրատաշենում միջոցառումն իրականացվել է օրենքին համապատասխան, ԱԱԾ աշխատակիցների կողմից որևէ խախտում չի եղել: Հակառակը, քաղաքացիները դիմել են սադրանքների, փորձել են տպավորություն ստեղծել, որ կինքնավնասվեն, ինքնասպան կլինեն»:
Վանեցյանը նախ հիշեցրեց, որ ՀՀ համապատասխան օրենքով՝ յուրաքանչյուր քաղաքացու թույլատրվում է առանց մաքսազերծման իր հետ ՀՀ տարածք ներկրել 25 կգ բեռ, ապա հավելեց, որ քաղաքացիները, որոնք առևտրային նպատակներով պարբերաբար մեկնում են Թուրքիա և բերում ապրանքներ, չեն ուզում վճարել մաքսազերծման համապատասխան գումարները:
«Այդ դեպքը, որը տեղի է ունեցել, խոսքը վերաբերում է 20 տոննայից ավելի ապրանքների, որոնք բերվել են, իսկ նրանք չեն ցանկացել վճարել: Մեր ունեցած տեղեկություններով՝ մաքսային ծառայության որոշ աշխատակիցների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ այդ ապրանքներն անարգել ՀՀ ներմուծելու համար: ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացվել են համապատասխան միոջոցառումներ, ֆիքսվել է այդ գործընթացը, կասեցվել է, և իրականացվել են համապատասխան միջոցառումներ», – ասաց նա:

