Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը այսօր հրաժարվեց մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները:
«Ես քաղաքական հայտարարությունները չեմ մեկնաբանում, ես մեկնաբանում եմ իրավական ակտերը», – Ազատություն ՌԿ-ի հետ զրույցում ասաց Թովմասյանը՝ ընդգծելով, որ Սահմանադրական դատարանը մեկնաբանում է իրավական ակտերը:
Հարցին՝ իսկ հրաժարականի մասին քննարկումներ կա՞ն, Սահմանադրական դատարանի նախագահը հակադարձեց․
«Իսկ էնտեղ էդպիսի բան ա՞ եղել»:
Հարցին էլ՝ իսկ ի՞նքն ինչպես է լուծումը պատկերացնում ստեղծված իրավիճակում, ՍԴ նախագահը պատասխանեց․ «Ես կրկնում եմ՝ քաղաքական հարցերին ես լուծում չեմ տալիս: Մնացածը մեր հայտարարության մեջ կա»:
«Երբ որ ես գտնեմ, որ կա անհրաժեշտություն, ես հարցազրույց կտամ», – նշեց Թովմասյանը:
Բացառո՞ւմ է արդյոք, որ ինքը, Սահմանադրական դատարանի անդամները հրաժարական կտան՝ այս առնչությամբ Հրայր Թովմասյանն ասաց․ «Իսկ Դուք բացառում ե՞ք, որ վաղը երկրաշարժ կլինի Հայաստանում, Դուք բացառում ե՞ք, որ վաղը աշխարհը շուռ կգա: Այդ Ձեր հարցը էդ դասից ա: Շնորհակալություն»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը երեկ Ազատություն ՌԿ-ին տված հարցազրույցում ծավալուն անդրադարձ կատարեց Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ հայտարարելով, որ Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանը։