Քաղաքականություն

Քաղաքական կյանքը դեկտեմբերի 9-ից հետո

Հետաքրքիր իրավիճակ է քաղաքական դաշտում: Բացի «Քաղաքացիական պայմանագիր» (չհաշված Սասուն Միքայելյանը) և «Առաքելություն» (հանրությանն անհայտ այս կուսակցությանը Փաշինյանը վերցրել է, որպեսզի արտահերթ ընտրություններին մասնակցի ոչ թե ՔՊԿ-ով, այլ «Իմ քայլը» դաշինքի անվան տակ) կուսակցություններից, մնացածը դժգոհ են ժողովրդի վարչապետից: Ես կասեի նույնիսկ նեղացած:

ՀՀԿ-ի դժգոհությունն ու նեղացածությունը հասկանալի է: Իրենք զրկվեցին իշխանությունից, մինչդեռ կարծում էին, որ քաղաքական գործընթացները տասնամյակներով պետք է անցնեն Մելիք-Ադամյանով՝ իրենց անփոխարինելի առաջնորդի գլխավորությամբ:

ՀՀԿ-ն դիրքերը զիջեց այն պահին, երբ թվում էր, թե ուժեղ է ինչպես երբևէ:

Նկատենք, սակայն, որ ի համեմատ մյուսների՝ նախկին իշխող ուժը համեմատաբար լավ տրամադրության մեջ է, քանզի պահպանվել է «ռեյտինգային» ընտրակարգը, ինչը մեծացրել է ՀՀԿ-ի՝ ապագա խորհրդարանում հայտնվելու հնարավորությունը: ՀՀԿ-ում անպայման ուզում են հայտնվել ԱԺ-ում, քանզի դա մի քանի խնդիր է լուծում իրենց համար (այդ խնդիրների մասին կխոսենք մեկ այլ հոդվածում):

ՀՀԿ-ի ներկայությունը քվեաթերթիկում և ապագա ԱԺ-ում ցանկալի է նաև Փաշինյանի համար: Տվյալ դեպքում գործ ունենք շահերի համընկման հետ:

Ինչ վերաբերում է մյուս ուժերին (չհաշված ԲՀԿ-ին, որը կցվել է ՔՊԿ-ին այնպես, ինչպես ՕԵԿ-ն էր մի ժամանակ կցվել ՀՀԿ-ին), ապա բոլորի մոտ սուգ է: Բոլորը հրապարակավ կամ պատերի տակ դժգոհում են Նիկոլ Փաշինյանից: Ֆորմալ պատճառն այն է, որ չի փոխվել «ռեյտինգային» ընտրակարգը և իրենք պատրաստ չեն այդ ընտրակարգով արտահերթին մասնակցելուն: Բայց իրականում նեղացածության այլ պատճառ կա:

«Քծնանք՝ մանդատի դիմաց» օպերացիան տապալվեց

Մեկը մյուսի հետևից քաղաքական դաշտի «մումիաները» հայտարարում են, որ չեն մասնակցելու ընտրություններին: Հայտարարում են նեղացածի կեցվածքով, բայց հանուն արդարության պետք է նշել, որ Փաշինյանն այստեղ մեղավոր չէ: Նա ի՞նչ մեղավոր է, որ իրեն քծնողներն են իդիոտ:

Փաշինյանն ի՞նչ մեղք ունի, որ սեփական քաղաքական հաշվարկներն է արել ու հասկացել, որ պետք է ալիքը բռնել և Երևանի ավագանու ընտրություններից հետո ԱԺ շուտափույթ ընտրություններ անցկացնել, քանի որ հաջորդ տարվա գարնանն ակնհայտորեն հանրային այլ տրամադրություններ են լինելու: Փաշինյանը իշխանության հարց է լուծում: Ոչ ավելի, ոչ պակաս:

Փաշինյանի հաշվարկների մեջ էր մտնում նաև «ռեյտինգային» ընտրակարգը պահպանելը և նա չէր էլ թաքցնում դա: Փաշինյանը գնդակը նետեց իր երկրպագու քաղաքական ուժերի դաշտը՝ հայտարարելով, որ եթե նրանք ուզում են փոխել այդ ընտրակարգը, ապա թող պայքարեն (այլ կերպ ասած՝ մարդ դուրս բերեն փողոց. նա լավ գիտեր, որ չեն կարող): Նա բաց տեքստով ասաց, որ «ռեյտինգայինն» իրեն ձեռնտու է: Իսկ այն հանգամանքը, որ Ընտրական նոր օրենսգրքի ընդունումը հրապարակում հավաքվածների պահանջն է ու կառավարության ծրագրում ամրագրված կետը, Փաշինյանին չի հետաքրքրում: Նա իշխանության ամրապնդման հարց է լուծում ու պատրաստվում է ընտրություններից հետո «քցել» ոչ միայն իրենից կառչած քաղաքական բալաստին, այլ նաև ամբոխին: Ու ճիշտ է անում:

Հեղափոխությանն աջակցած, հեղափոխությունը ողջունած կամ հեղափոխության ավարտից հետո Փաշինյանին քծնած որոշ ուժեր հույս ունեին, որ միասնական ցուցակի մեջ են հայտնվելու ՔՊԿ-ի հետ և այդ իսկ նպատակով ծափահարում էին ժողովրդի վարչապետի բոլոր՝ անգամ վիճահարույց նախաձեռնություններին:

«Օր առաջ պետք է արտահերթ ընտրություններ տեղի ունենան»,-հայտարարում էին քաղաքական մուրացկանները և քաղաքականապես բնածին իդիոտները: Մինչդեռ պետք էր հայտարարել, որ պետք է օր առաջ տեղի ունենան ընտրական օրեսնդրության փոփոխություններ և արտահերթը պետք է տեղի ունենա հաջորդ տարի, որպեսզի բոլորը, այդ թվում ու նախևառաջ՝ հանրությունը, կարողանան պատրաստվել ու հաղթահարել հետհեղափոխական դրական և բացասական շոկերը:

Քաղաքական բոմժերը չարեցին նման բան ու հիմա երբ հասկացել են, որ Փաշինյանին ուղղված իրենց քծնանքները զրոյական ազդեցություն են թողել նրա վրա, նեղացածի կեցվածք են ընդունել: Բայց դա իրենց գործն է և ունի զրոյական հանրային արժեք:

Սրանց թվում էր, թե Փաշինյանը պետք է իր ուսերի վրա խորհրդարան տանի իրենց նման պորտաբույծներին, բայց ընկճախտի մեջ ընկան, երբ պարզեցին, որ չի ստացվելու իրենց ուզածը: Հարցն այն չէ, որ տարվողները պորտաբույծ չեն կամ որակ ունեն: Հարցն այն է, որ Փաշինյանի պատկերացրած խորհրդարանում պետք է լինեն քաղաքականությունը միայն իրենով ճանաչածները ու հետագիծ չունեցողները, որպեսզի բոլորն անձամբ իրեն պարտական լինեն ու գոնե առաջիկայում պահպանեն հավատարմությունը, ինչը չեն կարող երաշխավորել հազար կաշի փոխած քաղաքական «դինոզավրերը»:

Քաղաքական կյանքը դեկտեմբերի 9-ից հետո

Ապրիլ-մայիսին տեղի ունեցած քաղաքական գործընթացների դրական արդյունքներից մեկն, ի դեպ, քաղաքական դաշտը բալաստից մաքրելն է: Բուն քաղաքական գործընթացները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ից հետո, երբ կսկսվի քաղաքական նոր դաշտի ձևավորումը:

Դեկտեմբերի 9-ին, այսինքն՝ քվեարկության օրը, ոչ թե քաղաքական նոր դաշտ է ձևավորվելու, այլ արձանագրվելու է հնի մահը: Քաղաքական նոր կյանքը կսկսվի հնի մահից հետո: Փաշինյանը միջանկյալ դիրք է գրավում կյանքի ու մահվան արանքում: Եվ իր վարքագծից է կախված, թե ի վերջո ո՞ր տիրույթում կհայտնվի:

Աղբյուր՝7or.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ