fbpx
Իրավական

Քննարկվել է ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթը

ՀՀ պետական կառույցների, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների, փորձագետների մասնակցությամբ քննարկվել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթը:

ՀՀ տարածքային կառացվարման և ենթակառուցվածքների նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

Հանդիպման մասնակիցները կարևորել են հանրային նշանակություն ունեցող օրենսդրական փոփոխությունների քննարկման և դրանք ավելի լայն շրջանակներին իրազեկելու անհրաժեշտությունը:
ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանի խոսքով՝ ներկայացված օրենսդրական նախագծային փաթեթով առաջարկվում է մինչև 4000 ընտրող ունեցող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների մեծամասնական կարգով ընտրություններ, 4 000-ից ավելի ընտրող ունեցող, ինչպես նաև մինչև 4000 ընտրող ունեցող բազմաբնակավայր համայնքներում կատարել անցում համայնքի ավագանու ընտրության համամասնական ընտրակարգի:

Ա. Գիլոյանը նշել է, որ այս ընտրակարգով համայնքի ներկայացուցչական մարմնի համար կընձեռնվեն մրցակցային պայմաններ, կապահովվի լայն քաղաքական ներգրավվածություն և ուժերի հարաբերակցություն: Նախագծերով ամրագրվել են նաև համայնքի ղեկավարի անուղղակի ընտրության մեխանիզմներ:

Համապատասխան մասնագետների, ԵԽ փորձագետների մասնակցությամբ բազմակողմ քննարկում է ծավալվել օրենսդրական փաթեթի շուրջ, ներկայացվել են տարբեր կարծիքներ, պարզաբանումներ են տրվել բարձրացված հարցերին:

Քննարկումը կազմակերպվել էր «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի «Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022թթ. ծրագրի» համատեքստում՝ Ավստրիական զարգացման համագործակցության գրասենյակի ֆինանսավորմամբ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ