Սպիտակ տունը ստիպված է եղել բանակցություններ սկսել իր հանրապետական քննադատների, այդ թվում՝ սենատորներ Թոմ Թիլիսի (Հյուսիսային Կարոլինա) և Ջոն Քորնինի (Տեխաս) հետ՝ փորձելով փրկել արդարադատության նախարարի (գլխավոր դատախազի) պաշտոնում Թոդ Բլանշի թեկնածության հաստատումը։
Ինչպես հաղորդում է Politico պարբերականը, Սենատի իրավաբանական հարցերի հանձնաժողովում ձայների չափազանց փխրուն հարաբերակցության պայմաններում հանրապետականների նույնիսկ մեկ «դեմ» ձայնը կարող է տապալել Դոնալդ Թրամփի նախկին անձնական փաստաբանի նշանակումը։ Իրավիճակը սրվել է հատկապես Ֆլորիդայի հարավային շրջանի դաշնային դատավոր Քեթլին Ուիլյամսի որոշումից հետո, որը խիստ մտահոգություն էր հայտնել Բլանշի վարքագծի վերաբերյալ և նրա գործն ուղարկել Նյու Յորքի դատական մարմիններին՝ հնարավոր կարգապահական տույժերի, ընդհուպ մինչև փաստաբանական գործունեության արտոնագրից զրկելու հարցը քննելու համար։
Դատավոր Ուիլյամսի քննադատությունը վերաբերում է Թրամփի և նրա ընտանիքի հարկային ստուգումների անձեռնմխելիության մասին համաձայնագրին, որը ձևակերպվել էր Բլանշի մասնակցությամբ։ Սենատոր Ջոն Քորնինը Politico-ին հաստատել է, որ ներկայումս վարչակազմի հետ քննարկումներ են ընթանում այդ համաձայնագրում հնարավոր փոփոխություններ կատարելու շուրջ։ Միևնույն ժամանակ, գործընթացին մոտ կանգնած անանուն աղբյուրը նշել է, որ Սպիտակ տանը հույս ունեն ստանալ սենատոր Թիլիսի աջակցությունը՝ ենթադրելով, որ նրա հետ կապված հարցերը հիմնականում կարգավորված են։
Այս զարգացումները տեղի են ունենում Թրամփի և նշված սենատորների միջև տևական քաղաքական լարվածության ֆոնին. նախագահը նախկինում բազմիցս վիրավորել է նրանց՝ Թիլիսին անվանելով «պարտվող», իսկ Քորնինի քաղաքական կարիերային հարվածելով՝ Տեխասի նախնական ընտրություններում աջակցելով նրա մրցակից Քեն Փաքսթոնին։ Այդուհանդերձ, Սպիտակ տունն այժմ ստիպված է զիջումներ փնտրել նրանց հետ՝ Բլանշի նշանակումն ապահովելու համար, որն արդեն իսկ բախվում է դեմոկրատների և որոշ չափավոր հանրապետականների լուրջ դիմադրությանը՝ կապված Թրամփի քաղաքական հակառակորդների նկատմամբ իրականացված հետաքննությունների և մամուլի ազատության դեմ ձեռնարկված քայլերի հետ։

