fbpx
Իրավական

Քոչարյանի գործով ցանկացած դատավոր հասկանում է՝ ինչ կլինի, եթե դատական ակտը դուր չգա գործադիրին. Ալումյան

Ցանկացած դատավոր, որը գործ է ունենում Ռոբերտ Քոչարյանի գործի հետ, հասկանում է, թե ինչ տեղի կունենա, եթե այդ դատական ակտը դուր չգա այսօրվա գործադիր կամ օրենսդիր իշխանությանը։ Այս մասին այսօր՝ հունիսի 17–ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայ Ալումյանը։

«Բոլորիս համար հասկանալի է, թե ինչ վիճակում է գտնվում Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը, որը քննում է Քոչարյանի և մյուսների գործով առաջին ատյանի դատարանի դեմ տուժողների և դատախազության բողոքը։ Ես շատ փաստաբանների հետ չեմ շփվել, սակայն որևէ երկրի փաստաբանից չեմ լսել, որ դատարանների նկատմամբ նման վերաբերմունք դրսևորված լինեն, նույնիսկ ժողովրդավարական առումով ամենահետամնաց համարվող պետությունները»,–ասաց նա։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և գործը ՍԴ ուղարկելու դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմանը, Ալումյանն ասաց, որ այդ որոշումից հետո աննախադեպ ճնշումներ են սկսվել նաև ՍԴ–ի դեմ։

«Հունիսի 5–ին ՍԴ–ի շենքի դիմաց իշխանությունների կողմից հովանավորվող անձինք հանրահավաք անցկացրեցին, ինչի իրավունքը չունեին։ Սա արվում է մի բանի համար, քանի որ ՍԴ–ն շուտով Քոչարյանի գործի հետ կապված պետք է որոշում կայացնի։ Դրանից հետո ՍԴ նախագահը որոշեց գործի ուսումնասիրման ժամկետը երկարաձգել, ինչն աննախադեպ երևույթ է և կապված է ՍԴ–ի դեմ ուղղված ճնշումներով»,– ասաց նա՝ նշելով, որ ամեն դեպքում օրենքով արգելված է ՍԴ–ի դիմաց ցանկացած ակցիա իրականացնել։

Ըստ Ալումյանի՝ այն փաստը, որ նման իրավիճակում իրավապահները ոչինչ չեն ձեռնարկում, վկայում է, որ դա նախապես պլանավորված է, և նպատակ ունի ազգել ՍԴ–ի վրա։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին, քննելով Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որոշել էր նրան ազատել կալանքից Արցախի Հանրապետության նախկին եւ ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:

Երկու օր անց՝ մայիսի 20-ին, դատարանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու համար այս գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի եւ դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչեւ 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության պահանջներին: ՍԴ–ն էլ օրերս որոշում է կայացրել մեկ ամսով երկարաձգել է Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորի դիմումն ուսումնասիրելու ժամկետը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ