«ԳԱԼԱ»-ն գրում է՝
Ալեքսեյ Սերեբրյակովը քննադատել է ռուսաստանցիներին՝ կեղծ հայրենասիրություն ցուցաբերելու համար, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Այդ մասին նա հայտնել է Լոնդոնում անցկացված համաժողովում ունեցած իր ելույթի ժամանակ:
Սերեբրյակովի խոսքերով՝ դա կապված է նրա հետ, որ Ռուսաստանը վերջին 20 տարում մի քանի պատերազմ է ձեռնարկել:
«Ես նկատի ունեմ Վրաստանը, Չեչնիան, Ուկրաինան, Սիրիան, նաեւ աֆրիկյան հանրապետությունները»,-հայտարարել է Սերեբրյակովը: Նա, սակայն, չի հստակեցրել, թե աֆրիկյան որ պետություններին նկատի ունի:
Սերեբրյակովն առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս հակառուսաստանյան արտահայտություններով: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ռուսաստանի ազգային գաղափարն ուժի, անպատկառության եւ գռեհկության հիման վրա է ձեւավորված:
Ալեքսեյ Սերեբրյակովը ՌԴ ժողովրդական արտիստ է: Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում՝ «9-րդ վաշտ», «Մարդաբնակ կղզի», «Բեռ 200», «Լեվիաֆան» եւ այլն:
Դերասանը 2012 թ.-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Կանադա: Տեղափոխվելու պատճառը, ըստ Սերեբրյակովի, դարձել է Ռուսաստանում տիրող անբարենպաստ սոցիալական իրավիճակը, ինչը կապված է ագրեսիայի, անհանդուրժողականության աճի և իշխանությունների կողմից քաղաքացիական իրավունքների բազմաթիվ կոպիտ խախտումների հետ:
Աղբյուր՝ https://ria.ru
Թարգմանությունը՝Էդուարդ Մխիթարյան