Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․
«Ռուսաստանը համաշխարհային պատերազմից հետո իրեն վերապահված ազդեցությունների գոտու վերահսկողությանը կորցրեց ոչ թե Ուկրաինայի հետ բախումով, ոչ թե Սիրիայում գործողություներ կատարելով, և ոչ այլ վայրում։
Ռուսաստանը կորցրեց դա, երբ իր ազդեցության գոտում՝ Արցախում, գործողությունների մաս դարձրեց Թուրքիային։
Դա կրիմինալ ու կոռուպցիոն սխեմա էր, իբր թե աշխարհը չէր հասկանալու, որ Թուրքիայի ձեռքերով փորձում է շագանակներ հանել կրակից, ինչը Թուրքիային պետք էր Ադրբեջանի մասով, իբր Թուրքիան իր քրեական պարտնյորն էր և իրեն սատարելու էր մինչև վերջ, իբր գազ էր գնելու էժան գնով, իբր ՆԱՏՕ-ից էր դուրս գալիս։ Էս-400-ներին խաբվեցին ստորները։
Բայց ինչպես մեր ժողովուրդն է ասում՝ գողը գողից գողացավ, Աստված տեսավ, զարմացավ։
Հիմա Ռուսաստանի կոռումպացված նեոբոլշևիկյան կառավարությունը իր փորած փոսի մեջ է հայտնվել և ոչ միայն սանկցիաների սպառնալիքի տակ է, այլև պատերազմի, այն էլ բոլոր կողմերից՝ Ասիայից մինչև Եվրոպա։ Այլևս ռուսական ուժի հեքիաթները չեն աշխատում ու դա ունի իր բացատրությունը։
Մեր արյունը հեղելը, մեզ մատաղ անելը հանուն իրենց իմպերիալիստական նպատակների չէր կարող անցներ ու գնար, և իրենք դրա պատճառով է, որ պատասխանատվություն են կրելու և պատժվելու են ամենաստորագույն ձևով։
Հայաստանն ուղղակի տեղի ռուսական գործակալներին կուլ գնաց, մենք դրանց պարտվեցինք, դրանց ագիտացիային պարտվեցինք, իրենց հակաագիտացիային էլ պարտվեցինք, մենք պարտվեցինք մեր իշխանության թուլությանը, չտեղեկացվածությանը, անկարողությանը, անկազմակերպվածությանը, վախերին ու նաև վաղուց ներդրված գաղափարին, որ առանց հանձնելու չի լինի ապրել, բայց երբեք, երբեք, երբեք չենք ընկրկելու ոչ գործակալների դեմ, ոչ իմպերիալիստական նկրտումների դեմ, ոչ էլ թշնամի պետությունների դեմ։
Աշխարհը շատ լավ տեսնում է մեր անօգնականությունն էլ, մեր ներուժն էլ, մեր վախն էլ, մեր կարողություններն էլ, և միայն մեր ժողովրդին գնահատելու հանգամանքն է այն կեռը, որով մեզ պահում են անդունդից։ Իրենց շահերը նույնպես կարևոր են, բայց դրանց հասնելու նպատակով մեզ կարող էին տասն անգամ նետել անդունդը և ստանալ իրենց ուզածը։
Վստահ եմ, որ մի օր ոչ թե կեռով ենք փրկվելու, այլև թիկունք ենք ունենալու ինքնիշխան և զորեղ դառնալու համար։ Ու ոչ ոք այլևս թող չհայտարարի, թե մենք մեր աշխահաքաղաքական ուղղությունը չենք փոխելու։ Դա այլևս անխուսափելի է, իսկ դրա համար հիմք պետք է դառնա քաղաքականությունը՝ հիմնված արժեքների, սկզբունքների ու գաղափարների վրա»։