fbpx
Իրավական

Սուտ մատնություն է այդ տխրահռչակ մարդու կողմից. Ռուբեն Հայրապետյանը՝ Աշոտ Աղաբաբյանի մասին

Վերջին 1.5 տարվա մեջ ոստիկանության մեջ նոր տեխնոլոգիա է գոյացել, մարդուն նախապես զգուշացնում են՝ փախիր, որովհետև քո դեմ քրեական գործ են հարուցել: Այս մասին երեկ՝ դեկտեմբերի 16-ին, «Երկիր մեդիա» ՀԸ «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ ասել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին և հավելելով, որ իրեն դեռևս չեն հարցաքննել:

«Աշոտ Աղաբաբյանը մեղադրել է ինձ, թե ՈՒԵՖԱ-ն «Հրազդան» մարզադաշտին Իտալիայի հետ խաղից առաջ գումարներ է հատկացրել, և ես այդ գումարները յուրացրել եմ: Ամբողջ աշխարհը գիտի՝ ՈւԵՖԱ-ն երբևիցե որևէ մասնավոր կամ պետական կառույցի գումար չի հատկացնում, երկրորդը, ՈւԵՖԱ-ն ծրագրային որևէ կոպեկ, որևէ սենթ չի տվել ֆուտբոլի ֆեդերացիային «Հրազդան» մարզադաշտի վրա ծախսելու համար: Դա եղել է զուտ իմ որոշումը, որ Իտալիայի հետ խաղից առաջ մենք պետք է ունենանք նորմալ խաղադաշտ: Հանդիպել եմ «Բուռնաշին» և նրան առաջարկել եմ, որ մենք ներդրումներ ենք անում և իրենք 20 տարի անհատույց տալիս են մարզադաշտը հավաքականի խաղերի համար, պայմանավորվել ենք և ներդրումներ ենք արել զուտ ֆեդերացիայի գումարներով: Դա սուտ մատնություն է, հերթական անգամ այդ տխրահռչակ մարդու կողմից»,-ասաց նա:

Հայրապետյանը նաև նշեց, որ ոստիկանությունը շտապում է, պետք է մանրամասն ուսումնասիրություն արվի և եթե պարզվի, որ մի լումա հափշտակություն է կատարվել, ինքը կվերադարձնի:

«Վերջին 1.5 տարվա մեջ ոստիկանության մեջ նոր տեխնոլոգիա է գոյացել, մարդուն նախապես զգուշացնում են՝ փախիր, որովհետև քո դեմ քրեական գործ են հարուցել, և եթե փախչում ես, ծանուցագիրը բերում են, հաջորդ օրը հետախուզում են հայտարարում, մարդը չեկավ, վսյո»,-ասաց նա:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի (խոշոր չափերով յուրացում) , 325-րդ հոդվածի 2 մասի (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը) և 214-րդ հոդվածի 2-րդ մասի (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով:

Հիշեցնենք, որ դեպտեմբերի 13-ին 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկել էին Ռուբեն Հայրապետյանի տունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ