fbpx
Սպորտ

«Սա գիրք է Մեսսիի՞, թե՞ Մեսսիայի մասին». կայացել է արգենտինացու մասին պատմող հայերեն գրքի շնորհանդեսը

Newmag հրատարակչական ընկերությունը ներկայացնում է «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը» սպորտային բեսթսելլերը, որի շնորհանդեսը կայացել է հունվարի 30-ին: Կազմակերպիչների խոսքով, «Ռոնալդու. կատարելության տենչով» գրքի հայերեն տարբերակը ներկայացնելուց հետո սոց.ցանցերում, և ոչ միայն, իրենք բազում մեկնաբանություններ, անձնական նամակներ ու բողոքներ են ստացել, թե երբ է լույս տեսնելու Մեսսիի մասին պատմող գիրքը:

Իտալացի հայտնի մարզական լրագրող Լուկա Կայոլիի գրքում բացառիկ հարցազրույցներ կան ֆուտբոլիստին ճանաչողների և հենց իր՝ Մեսսիի հետ: Գիրքը պատմում է, թե մեծ ֆուտբոլիստ դառնալու համար ինչ դժվարությունների միջով է արգենտինացին ստիպված եղել անցնել:

Սպորտային բեսթսելլերը անգլերենից թարգմանել է Լիանա Զաքարյանը. նա մինչ այս թարգմանել էր Կայոլիի «Ռոնալդուն. կատարելության տենչովը» և ասում է, որ այս գրքերի թարգմանությունից հետո ինքն էլ ֆուտբոլասեր է դարձել.

«Հեղինակը մի քանի շեշտադրում է կատարել, որոնցից մեկը Ռոնալդու-Մեսսի հակամարտությունն է: Նրանց միջև առկա մրցակցությունը հեղինակը մշտապես վառ է պահել գրքում, նա ներկայացրել է ոչ միայն Մեսսիի կենսագրությունը, այլ նրա կենսագրությունը Ռոնալդուի հետ համեմատությամբ: Համեմատությունն, իմիջիայոց, վերաբերում է ամեն ինչին, օրինակ թե ինչ ապրանքանիշի կոշիկներ են նախընտրում կրել այս երկու մարզիկները:

Պետք է նշեմ, որ հատկապես երկրորդ գրքից հետո, ես հասկացա, որ հեղինակի ֆավորիտը Մեսսին է»,- ասում է Լիանա Զաքարյանը:

«Որքան էլ՝  մենք Մեսսիի հետ նույն ժամանակաշրջանում ենք ապրում, տեսնում ենք նրան խաղադաշտում և դրա սահմաններից դուրս , միևնույն է՝ կան հետաքրքիր փաստեր, որոնք լավ է իմանալ: Կարծում եմ` Մեսսին ֆուտբոլի պատմության մեծագույն ֆուտբոլիստներից յուրաքանչյուրից ինչ-որ բան ունի ու դա նրան բացառիկ, եզակի ֆուտբոլիստ է դարձնում մարզաձևի պատմության մեջ»,- ասում է մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը, որը «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը» գրքի հայերեն տարբերակի համար հատուկ նախաբան է գրել:

Ի դեպ, Էդուարդ Քալանթարյանը, նախաբանում բացատրում է, թե ինչու է հենց Մեսսին պատմության լավագույն ֆուտբոլիստը:

Միջոցառմանն, ի թիվս մարզական լրագրողների ու երկրպագուների, ներկա էր նաև ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Ղազարյանը, որը թեև իրեն Մեսսիի երկրպագու չի համարում, բայց խոստացել է ընթերցել այն.

«Հրաշալի նախաձեռնություն է: Գիրքը մեր կյանքի անբաժանելի մասը պետք է կազմի: Մենք պարտավոր ենք ունենալ հայերեն գրականություն տարբեր ոլորտներում, տվյալ դեպքում` սպորտային: Այն երիտասարդները, երեխաները, ովքեր սիրում են Մեսսիին, կկարդան նաև գիրքը` զբաղվելով նաև ընթերցանությամբ:Մեծ հաճույքով կընթերցեմ այն: Վստահ եմ, որ նման նախաձեռնությունները շարունակական կլինեն»,- ասում է Գաբրիել Ղազարյանը:

Հրատարակչական ծրագրի ղեկավար Արտակ Ալեքսանյանն էլ ներողություն խնդրեց արգենտինացու երկրպագուներից գիրքն ուշ թողարկելու համար, և պատմեց առաջիկա ծրագրերի մասին.

«Մեսսիով մենք ազդարարում ենք գրահրատարկչական տարին: Մեսսին առաջինն էր, բայց ոչ վերջինը: Ներողություն եմ խնդրում Մեսսիի երկրպագուներից այն փոքր-ինչ ուշ ներկայացնելու համար: Պատճառներից մեկն այն է, որ այն շատ հաստափոր է` 560 էջ, ու հսկայական աշխատանք է կատարվել: Երբ գիրքը պատրաստ էր, գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանին ասացի, որ այն 560 էջից է բաղկացած, ասաց` «Դա Մեսսիի՞ մասին է, թե՞ Մեսսիայի»:

Եվ հետո, որպեսզի գրքում օգտագործված տերմինները հասկանալի լինեն նաև այն մարդկանց համար, ովքեր ֆուտբոլից տեղյակ չեն, մենք ամեն ինչ ծանոթագրում էինք: Արդյունքում ունեցանք 560 էջ և 234 ծանոթագրություն»,- իր խոսքում նշել է Արտակ Ալեքսանյանը  և հավելել, որ Newmag հրատարակչական ընկերությունը շուտով կներկայացնի նաև գրքեր ՊՍԺ-ի ու Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի և Ֆրանսիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի մասին:

«Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը» գիրքը գրախանութներում հասանելի կլինի փետրվարի 1-ից: Այն կարժենա 5800 դրամ:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ