ՀՀ ՍԱՏՄ-ն հայտնել է, որ ՍԱՏՄ կարողությունների զարգացումը շարունակական է, ստորագրվել է կարողությունների զարգացմանն ուղղված փոխըմբռնման հուշագիր:
««Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի շրջանակներում՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Ավստրիական զարգացման գործակալության միջև այս տարվա փետրվարի 9-ին ստորագրվել էր Տեսչական մարմնի կարողությունների զարգացմանն ուղղված փոխըմբռնման հուշագիր: Այսօր արդեն մեկնարկել է հուշագրում ամրագրված դրույթների իրականացման գործընթացը. սկսվել են ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող մասնագետ տեսուչների վերապատրաստման դասընթացները։
- Իրացման ցանցում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած հավի ձու. ՍԱՏՄ
- Անհայտ ծագման մսի ողջ խմբաքանակը ոչնչացվել է․ ՍԱՏՄ
Դասընթացների մեկնարկը ողջունել են ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Պասկալ Բոկկերսը:
«Սննդամթերքի անվտանգության ոլորտի միջազգային փորձի ուսումնասիրությունը, մասնագետների և որոշում կայացնող կառավարիչների շարունակական կրթությունը Տեսչական մարմնի առաջնահերթություններից է։ Եվ, իհարկե, միջազգային փորձի ուսումնասիրությունը հնարավորություն կտա ներդնել առավել արդյունավետ վերահսկողական համակարգեր և իրականացնել սննդամթերքի անվտանգության ոլորտի արդիական, միջազգային նորմերին համահունչ վերահսկողություն»-, նշել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը:
ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Պասկալ Բոկկերսը հույս է հայտնել, որ դասընթացները կնպաստեն Հայաստանում ինչպես օրգանական, այնպես էլ կանաչ գյուղատնտեսություն վարող ֆերմերային տնտեսությունների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու գործընթացին:
Վերապատրաստման այս դասընթացների շնորհիվ ստացված գիտելիքները կխթանեն սննդամթերքի անվտանգության ոլորտի զարգացումը, իսկ վերապատրաստված մասնագետներն այդ գիտելիքները կփոխանցեն իրենց գործընկերներին։