fbpx
Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը կարծես գիտի, որ իրեն ձերբակալելու հարց է առաջանալու․ Սարգիս Միքայելյան

Վերլուծաբան Սարգիս Միքայելյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Սերժ Սարգսյանը մի բան գիտի կարծես…

Երևի համակարգի ներքին աղբյուրներից ինչ-որ տեղեկություններ ունի ինչ-որ գործերի մասին և տեսնում է, որ իրեն ձերբակալելու հարց է առաջանալու։ Եվ գուցե հենց այդ պատճառով է նախապես հերոս խաղում, հնարավոր ձերբակալությունից առաջ։

Միաժամանակ, ասելով, որ եթե իր ձերբակալությամբ այս-այս դրական բաները կլինեն, ապա թող ձերբակալեն, Սերժը, դեռ չձերբակալված, արդեն քաղաքականացնում է իր այդ հնարավոր ձերբակալությունը։ Սա հետաքրքիր պատկեր է. քաղաքական գործիչը, որը պետական կառավարման առաջին էշելոնում երկար ժամանակ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել, ապա տասը տարի երկիր է ղեկավարել, ասում է ոչ թե թող ձերբակալեն, եթե հանցանք է եղել, եթե մեղավոր եմ և այլն, այլ ասում է՝ թող ձերբակալեն, եթե դրանից ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, եթե «Հոկտեմբերի 27»-ը և «Մարտի 1»-ը լիարժեք բացահայտված կհամարվեն, եթե ղարաբաղյան խնդրով բանակցությունները կվերադառնան ինչ-որ ճիշտ ուղի (այդ ի՞ր ժամանակ են եղել ճիշտ ուղու վրա…) և նման այլ գեղարվեստական բաներ…

Մի կողմ թողնենք պարզ հետևությունը, որ հենց իր իսկ խոսքից ստացվում է, որ Սերժ Սարգսյանը գիտի, որ «Հոկտեմբերի 27»-ը լիարժեք բացահայտված չէ, և որ ինքը կարող էր շատ բան անել իր 10 տարվա իշխանության ժամանակ դա լիարժեք բացահայտելու ուղղությամբ, եթե այդպես է կարծում։
Գլխավորն այստեղ, ըստ իս, այն է, որ այս տեքստով Սերժ Սարգսյանը նախապես ուղերձ է հղում հանրությանն ու այլ շահագրգիռ կողմերին (օրինակ, հենց իշխանությանը)։

Առաջին՝ ինձ ձերբակալելն օգուտ չունի, դրանից երկրի կյանքը չի լավանա, ժողովուրդն ավելի երջանիկ չի դառնա։ Եվ, հարգելի հայ ժողովուրդ, իմ ձերբակալումից ձեզ ի՞նչ օգուտ, այդ ուղղությամբ իշխանություններին չաջակցեք։

Երկրորդ՝ եթե ինձ ձերբակալեն, դա հնարավորիս քաղաքականացնելու եմ, քաղբանտարկյալի դեր եմ խաղալու, ձեր կյանքն էլ դրանով բարդանալու է, դուք ավելի լավ է՝ ժողովրդին երջանկացնելով զբաղվեք, տնտեսական հեղափոխությամբ զբաղվեք, և այլն։

Հետն էլ ասում է, որ իր անձի հետ կապված վախենալու բան չունի… Բա չվախեցողը նման բաներ կասի՞…»:

https://www.facebook.com/sargis.mikayelyan/posts/2622619811107157

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ