ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի նախկին օգնական, ակտիվիստ Շահեն Հարությունյանն այս պահին ոստիկանությունում է՝ պայմանավորված ռուս դրամատուրգ, բանաստեղծ Ալեքսանդր Գրիբոյեդովի՝ Երևանում տեղադրված արձանի վրա ներկ լցնելու փաստով:
Ոստիկանությունից Tert.am-ի հետ զրույցում հաստատել են տեղեկությունը. «Շահեն Հարությունյանն այս պահին գտնվում է ոստիկանության Կենտրոնի բաժնում, նա ներկայացել է բացատրություն տալու երեկվա միջադեպի վերաբերյալ»,- ասաց լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Նա հայտնեց, որ նյութերի նախապատրաստումը շարունակվում է:
Ավելի վաղ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը Facebook-ի իր էջում հրապարակել էր ռուս գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի լուսանկարը, որտեղ երևում է՝ արձանի վրա կամիր ներկ է լցված։ Նա լուսանկարին կից արել է նաև գրառում։
«Ուշադրություն։
Քիչ առաջ կարմիրով ներկել եմ Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը»։
Աղբյուրը՝ Tert.am