fbpx
Կրթություն

Շարունակվում է դուալ կրթական համակարգի փորձարկումը

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)` «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում շարունակում է աջակցել զբոսաշրջության, գինեգործության, ՏՏ/ճշգրիտ ճարտարագիտության ոլորտներին, ինչպես նաև դուալ մասնագիտական կրթություն և ուսուցում կրթական համակարգի փորձարկմանը Հայաստանում՝ հատկապես կարևորելով մարզային զարգացումը:

Նշված ոլորտներում իրականացված գործողությունների արդյունքները ներկայացվել են ՀՀ Տավուշի մարզում: Միջոցառումը մեկնարկել է Տավուշի պետական տարածաշրջանային քոլեջում, որտեղ ողջույնի խոսքով հանդես են եկել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը և GIZ-ի ներկայացուցիչները:

«Լինելով ամենաճկուն կրթական մակարդակը՝ ՄԿՈՒ-ն կարող է արագորեն արձագանքել ժամանակակից արտադրության փոփոխություններին: Այդ պատճառով դուալ համակարգի ներդրումը GIZ-ի աջակցությամբ կարող է համարվել կրթական բարեփոխումների հիմնական ուղղություններից մեկը»,-իր խոսքում նշել է Արտակ Աղբալյանը՝ ընդգծելով, որ ծրագիրը հնարավորություն է ստեղծում բարելավել գործնական ուսուցման բովանդակությունը մասնավոր հատվածի կարիքների հիման վրա՝ ապահովելով մասնագիտական կրթության որակի բարձրացում:

«Ցանկանում եմ հայտարարել GIZ-ի և Աշխատի՛ր Հայաստան-ի համագործակցության մեկնարկը, որի արդյունքում, մասնավորապես, կմշակվեն դուալ ծրագրեր՝ ուղղված աշխատաշուկա-կրթություն կապի ամրապնդմանը և երիտասարդության շրջանում զբաղվածության խթանմանը, ինչպես նաև կիրականացվեն դուալ կրթական համակարգի մասին հանրային իրազեկվածության բարձրացման արշավներ»,-իր հերթին նշել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանը:

ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոյի խոսքով՝ ծրագիրն աջակցում է Հայաստանում զբաղվածության ապահովման համար կարևոր գինեգործության, զբոսաշրջության և ճշգրիտ ճարտարագիտության/ՏՏ ոլորտներին, և համապատասխանաբար դուալ կրթական համակարգի տարրերը փորձարկվում են առաջին հերթին նշված ոլորտներում: Նա հույս է հայտնել, որ դուալ կրթական ծրագրերի ներդրումը կբխի տարածաշրջանի զարգացման ռազմավարությունից՝ նպաստելով երկրում կայուն և ներառական տնտեսական աճին:

Հյուրերը այնուհետև շրջայց են կատարել քոլեջում՝ ծանոթանալու Հայաստանում ծրագրի կողմից փորձարկվող դուալ ՄԿՈՒ մոտեցմանը: Դուալ ՄԿՈՒ համակարգը քոլեջում արդեն գործում է զբոսաշրջության և ճշգրիտ ճարտարագիտության (մեխատրոնիկա) ոլորտներում՝ համապատասխանաբար «Զբոսաշրջություն›› և «Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում›› մասնագիտություններում:

Հաջորդիվ, մասնակիցները մեկնել են Աչաջուր համայնք՝ ծանոթանալու CARD հիմնադրամի Գինեգործական փորձացուցադրական արտադրամասին և համտեսի սրահին, որին GIZ-ը տրամադրել է տեխնիկական աջակցություն: Այցն ավարտվել է Ենոքավանում, որտեղ հյուրերը համտեսել են ծրագրի շահառու տնայնագործ գինեգործ Դավիթ Ավետիսյանի գինին: Նշենք, որ Տավուշում ծրագիրը, մասնավորապես, աջակցում է տնայնագործ գինեգործներին՝ գինու որակի բարելավման հարցում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ