fbpx
Քաղաքականություն

Պատկերացնո՞ւմ եք՝ եթե հանկարծ ես սկսեմ խոսել առանց հետևանքների մասին մտածելու․ Վանեցյանը պատասխանում է Փաշինյանին

Հրաժարականի մասին իմ հայտարարությունն ուշադիր ընթերցողը, համոզված եմ, հասկացել է՝ ինչ նկատի ունեի ես։ Ուստի վստահ պնդում եմ՝ ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում: Այսպես է արձագանքել ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ-ում արած հայտարարությանը։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում կրկին խոսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում։ Չնայած իմ հրաժարականից հետո նա դեռ շարունակում է մարդիկ ուղարկել ինձ մոտ, խնդրանքով` որոշ ժամանակ լռեմ, որպեսզի իրավիճակը հանդարտվի, բայց հիմա տեսնում եմ, որ հերթական անգամ խախտում է պայմանավորվածությունները և հանդես գալիս անհասկանալի, ըստ էության՝ ոչ մի բանի մասին պոպուլիստական հայտարարություններով։

Ակնհայտ է, որ, հանրության տրամադրությունների վրա կարճատև ազդեցություն թողնելու ցանկությամբ տարված, Նիկոլ Փաշինյանը կրկին չի մտածում իր խոսքերի հետևանքների մասին: Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել առանց հետևանքների մասին մտածելու։

Լավ, որքա՞ն կարելի է մոլորեցնել հանրությանը՝ առաջ տանելով այն թեզը, թե «ով մեզ հետ չէ, ազգի դավաճան է»։ Իսկ եթե որևէ մեկը համաձայն չէ այդ պնդման հետ, ըստ վարչապետի, ուրեմն նախկինների պատվերով է գործում: Ասել եմ և նորից եմ կրկնում՝ չփորձեք ինձ կապել նախկինների հետ։

Տրամաբանական է, որ ռազմական գիտելիքներ չունեցող և զինվորականների մտածելակերպի, Հայրենիքի հանդեպ նրանց ունեցած պարտքի մասին մակերսային պատկերացումներ ունեցողները չեն կարող իմանալ սպայի պատվի և ուսադիրների նշանակության մասին: Ի դեպ հիշեցնեմ` համաձայն ՀՀ Սահմանադրության, ՀՀ վարչապետը ոչ պատերազմական դրության ժամանակ Գերագույն հրամատար չէ: Ցավում եմ, որ այդքան հեռուն է գնացել:

Հրաժարականի մասին իմ հայտարարությունն ուշադիր ընթերցողը, համոզված եմ, հասկացել է՝ ինչ նկատի ունեի ես։ Ուստի վստահ պնդում եմ՝ ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում:

Հավատում եմ` մեր ժողովուրդը երբեք չի ընկճվելու ու այլևս չի տրվելու մանիպուլյատիվ հայտարարությունների: Հրաժարականի իմ տեքստում ես ասել էի՝ թող այն լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող կոչ։ Մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի Հայրենիքի հանդեպ պարտքը:

Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին։

Պատիվ ունեմ»:

Աղբյուրը՝ Hraparak.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ