Մարկոս Պիզելլին, ով հունվարին վնասվածք էր ստացել ու լքել էր հայկական հավաքականը, իր գնալուց հետո առաջին անգամ զրուցել է ՀՖՖ պաշտոնական կայքի հետ: Ֆուտբոլիստը պատմել է իր առողջական վիճակի և ապագա ծրագրերի մասին:
«Այժմ լավ եմ զգում, վերջերս եմ վերադարձել ԱՄՆ-ից և հիմա ընտանիքիս հետ մեկուսացման մեջ եմ Բրազիլիայում: Ծունկս արդեն ավելի լավ է, տհաճ զգացողություններն ավելի քիչ են: Անհատական մարզումներ եմ անցկացնում, բայց չեմ փորձում ֆուտբոլ խաղալ: Հիմա դրա ժամանակը չէ, բոլորի գերխնդիրը պետք է լինի իրենց ընտանիքների մասին հոգ տանելը:
Շատ եմ կարոտում Հայաստանը և, հատկապես, հավաքականում իմ խաղընկերներին, անձնակազմը, ֆեդերացիայի աշխատակիցներին: Ես հետևում եմ բոլոր նորություններին, շատ ուրախ եմ, որ նոր գլխավոր մարզիչ ունենք, որը շատ փորձառու մասնագետ է: Ինձ թվում է՝ նրա հետ լուրջ արդյունքներ կգրանցենք: Հիմա, երբ այլևս չեմ խաղում, մեր հավաքականի ամենամեծ երկրպագուն եմ: Անկախ այն հանգամանքից, թե ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն երբ կթույլատրեն ընկերական խաղեր անցկացնել և դրանք կլինեն Հայաստանում, թե ոչ, կփորձեմ ամռանը գալ Հայաստան և հանդիպել բոլոր ընկերներիս»,- ասել է Պիզելին:
Աղբյուրը` ՀՖՖ պաշտոնական կայք: