Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել։ Նավալնին նշել է՝ որտեղից է հայտնվել այդ չարաբաստիկ շիշը։
Տեսանյութին կից գրված է, որ այն արվել է Նավալնիի թունավորումից մեկ ժամ անց՝ նրա խմբի անդամների կողմից, որոնք դեռ մնացել էին Տոմսկում:
«Այնտեղ մնացած խմբի անդամները գրեթե անմիջապես իմացել են կատարվածի մասին ու այդ պահին արել են միակ հնարավոր բանը. նրանք կանչել են փաստաբանի, բարձրացել են հյուրանոցի այն սենյակը, որը քիչ առաջ լքել էր գործիչը, և սկսել են գրանցել, նկարագրել և փաթեթավորել սենյակում առկա ամեն բան՝ այդ թվում ջրով լի շշերը»,- ասվում է հայտարարության մեջ:
Ավելի ուշ հենց այդ շշերի վրա գերմանական լաբորատորիան հայտնաբերել է «Նովիչոկ» տեսակի թունավոր նյութի հետքեր: Ապա ևս երեք լաբորատորիաներ, որոնք թեստեր էին վերցրել Նավալնիից, հաստատել են, որ գործչին հենց այդ նույն տեսակի նյութով են թունավորել:
Մինչ այս հայտնել էինք, որ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին՝ Տոմսկից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռում։ Օդանավն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում։
https://www.instagram.com/p/CFOnffrHZ0d/?utm_source=ig_embed