Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:
Ուղերձում նշված է.
«Հարգելի պարոն Ղարիբաշվիլի, սիրելի Իրակլի,
Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։
Իրավամբ կարող եմ նշել, որ 30 տարին հայ և վրացի ժողովուրդների դարավոր տարեգրության մեջ ընդամենը մի ակնթարթ է, սակայն անկախությունը վերականգնած մեր երկու երկրների նորօրյա պատմության մեջ այն բնորոշվում է որպես բարիդրացիական միջպետական հարաբերությունների հաստատման ու կայացման կարևորագույն ժամանակաշրջան, որը հարուստ է նշանակալի ձեռքբերումներով և հաջողություններով:
Մեր պատմամշակութային հարուստ ժառանգության և նույնական արժեհամակարգի վրա խարսխված երկու եղբայրական ժողովուրդների ավանդական բարեկամական հարաբերությունները հետևողական աշխատանքի ու սերտ համագործակցության շնորհիվ շարունակում են ավելի ամրանալ՝ դրանով իսկ նախադրյալներ ստեղծելով հետագա համագործակցության և պետականաշինության համար:
Հայաստանը մշտապես մեծ կարևորություն է տվել հարևան և բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը, իսկ երկու երկրների միջև բարձր մակարդակի հանդիպումների ինտենսիվությունը վկայում է առկա փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով առավել ընդլայնելու մեր հաստատուն հանձնառության մասին:
Վստահ եմ, որ հայ-վրացական հարաբերությունները զարգացնելու փոխադարձ ձգտումը և պաշտոնական մակարդակում վստահելի երկխոսությունն այսուհետ ևս կկանխորոշեն մեր ընդհանուր ջանքերը՝ ի շահ երկու ժողովուրդների:
Հարգանքով և լավագույն մաղթանքներով՝
Նիկոլ Փաշինյան»։