Շոտլանդիան մտադիր է Brexit-ի կայացման դեպքում մնալ Եվրամիության կազմում: Այս մասին սեպտեմբերի 18-ին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Շոտլանդիայի կառավարության առաջին նախարար Նիկոլա Սթերջենը:
Նա հույս է հայտնել, որ Բրիտանիան չի լքի ԵՄ-ն, նշելով, որ եթե դա տեղի ունենա, Շոտլանդիան պետք է ԵՄ անկախ անդամ-պետություն դառնալու հնարավորություն ունենա, որպեսզի մենք, որպես եվրոպական ընտանիքի անդամ, կարողանանք պաշտպանել մեր դիրքերն ու շահերը:
Ռիսկը, որ Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ-ից առանց համաձայնության, բավականաչափ մեծ է, և այդ դեպքում ամբողջ երկիրը կորուստներ կկրի, ասել է Սթերջենը:
«Մենք շարունակելու ենք կոշտ Brexit-ը հաղթահարելու փորձերը, մասնավորապես, անհրաժեշտ կլինի հասնել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետի երկարաձգմանը»,-ասել է քաղաքական գործիչը:
Նա հանդես է եկել Շոտլանդիայում արդեն 2020-ին Միացյալ Թագավորության կազմից դուրս գալու երկրորդ հանրաքվեն անցկացնելու օգտին: Սա ժողովրդավարական որոշում կլիներ, քանի որ փոփոխված հանգամանքներից ելնելով պլեբիսցիտի արդյունքը կարող է այլ լինել, նշել է քաղաքական գործիչը:
2014-ի հանրաքվեի ժամանակ շոտլանդացիների 55 %-ը դեմ է քվեարկել Մեծ Բրիտանիայից անկախությանը: 2016-ի ամռանը Brexit-ի հարցով հանրաքվեի ժամանակ շոտլանդացիների 62 %-ը հանդես է եկել ԵՄ-ին հետագա անդամակցության օգտին:
2017-ի մարտին Շոտլանդիայի խորհրդարանը աջակցել է անկախության մասին նոր հանրաքվեի անցկացմանը, բայց ավելի ուշ Սթերջենը ժամանակավորապես հրաժարվել է դրանից՝ ասելով, որ նախ պետք է պարզվի, թե ինչ պայմաններով է անցկացվելու Brexit-ը: