Երևան
09:01 02/03/2019

Շուտով Երևանում կմեկնարկի գարնանային էտը

Մարտի 5-ից մայրաքաղաքում կմեկնարկեն գարնանային էտի աշխատանքները: Գործընթացը կիրականացվի մասնագիտորեն հիմնավորված ու կանոնակարգված սկզբունքներով:
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ այսօր տեղի ունեցած հանդիպման շրջանակում բնապահպանության վարչության պետն ու ոլորտի մասնագետները վարչական շրջանների կանաչապատման ձեռնարկությունների աշխատակիցներին են ներկայացրել այն հիմնական պահանջները, որոնք պետք է կիրառվեն  ծառերի էտի ժամանակ:

«Պետք է զերծ մնանք այն մշակույթից, որն արժանացել է հանրային կամ մասնագիտական պարսավանքի, և կարողանանք ըստ ծառատեսակների, ըստ խնամքի պահանջների այնպիսի լուծումներով առաջ գնալ, որոնք կլինեն և՛ ճիշտ, և՛ ընդունելի հանրության կողմից», – նշում է Խաչիկ Հակոբյանն ու հավելում, որ ծառերի էտի ու խնամքի գործընթացը սահմանված ժամանակացույցով և հասցեական իրականացնելու նպատակով ծառերը կանձնագրավորվեն:  

«Այսուհետ էտման աշխատանքները մենք պետք է կատարենք միայն պլանավորված՝ ըստ փողոցների, ըստ կոնկրետ հասցեների, ըստ պուրակների, այգիների ծառատեսակային կազմի: Մնացած բոլոր դեպքերում էտն իրականացնելու ենք միայն արտակարգ իրավիճակներում և անվտանգության խնդիրներով պայմանավորված»,- ասում է բնապահպանության վարչության պետը:

Մոտեցումը հստակ է նաև մայրաքաղաքում գոյություն ունեցող չորացած ծառերի հարցում. դրանք պետք է հատվեն:

«Մենք խնդիր չունենք չորացած ծառերը պահպանելով՝ ձևացնել, իբր քաղաքում ավելի շատ ծառ ունենք, քան իրականությունն է: Դրանք յուրաքանչյուր պահի կարող են վտանգավոր դառնալ հարակից բնակչության, շինությունների և մարդկանց սեփականության համար: Ո՞վ է պատասխանատվություն կրելու, ո՞վ է հետևանքների մասին հոգալու: Ծառ ունենք այնքան, որքան աճի շրջանում  տեսնում ենք կանաչած: Մնացած բոլոր ծառերը պետք է գրագետ հեռացնել»,-նշում է Խաչիկ Հակոբյանը:

Այս տարի նոր մոտեցում կցուցաբերվի նաև էտված ճյուղերի հարցում, դրանք տեղում կմանրացվեն:

«Մենք մուլչավորման գործընթաց ենք իրականացնելու: Հատուկ սարքավորումների միջոցով ծառերի հատված ճյուղերից կստանանք թեփ հենց տեղում, ինչը հնարավորություն կտա զերծ մնալ կտրված ճյուղերի կուտակումներից: Քաղաքային հետաքրքիր այս մշակույթի ներդումը նաև հոգատար վերաբերմունք է մայրաքաղաքի նկատմամբ: Թեփը կրկին կտրամադրվի սոցիալական այն խմբերին, որոնց տարիներ շարունակ բաժանվել են ճյուղերը»,-ասում է Խաչիկ Հակոբյանը:

Քաղաքացիներին անհանգստություն չպատճառելու նպատակով ծառերի էտը հիմնական պողոտաներում ու փողոցներում կիրականացվի երթևեկության ոչ բանուկ ժամերին կամ հանգստյան օրերին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ