fbpx
Առողջապահություն

Անահիտ Ավանեսյանը հյուրընկալել է Շվեդիայի դեսպանին

Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին հյուրընկալել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նախարարը ողջունել է հյուրին, աշխատանքային բեղուն գործունեություն մաղթել և հույս հայտնել, որ երկու երկրների միջև շարուկական կայուն գործակցություն կծավալվի:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին բարեմաղթանքների համար և ասել, որ շվեդական կողմը պատրաստակամ է անել հնարավորինը Հայաստանին աջակցելու հարցում:

Խոսելով համատեղ ծրագրերից` դեսպանն անդրադարձել է բժշկական կրթությանը, փորձի փոխանակմանը, մասնավորապես` ուռուցքաբանության, արյունաբանության, պատվաստումների, ռադիոթերապիայի, դեղորայքի ձեռքբերման գործընթացի, հոգեբուժական և հոգեկան խնամքի, մանկաբուժության և այլ հարցերին: Երկուստեք քննարկել են նաև հնարավոր համագործակցության ոլորտները` հոգեկան առողջության կարողությունների, մայրական մահացության նվազում և վերարտադրողական առողջության բարելավում, վերականգնողական ծառայությունների ուժեղացում, ինչպես նաև հակաբիոտիկների նկատմամբ կայունության կանխարգելման մեխանիզմներ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բժշկական թափոնների վերամշակման ուղղությամբ Հայաստանում տարվող աշխատանքներին:

Դեսպանը հետաքրքրվել է Հայաստանում առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությամբ, հետպատերազմյան և կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով, աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնել:

Անդրադառնալով COVID-19-ի պատվաստանյութերի ձեռքբերման գործընթացին` Պատրիկ Սվենսոնը նշել է, որ Հայաստանն ու Շվեդիան գրեթե նույն կարգավիճակում են, քանի որ երկուսն էլ բանակցությունների փուլ են անցնում:

Անահիտ Ավանեսյանը ընդգծել է, որ առողջապահական համակարգը կարողացել է դիմակայել մարտահրավերներին և հիմա կայուն վերականգնման փուլ է ապրում:

«Պատերազմից հետո և այժմ` կորոնավիրուսի պայմաններում, շնորհիվ մեր մասնագետների, կարողացանք ոտքի կանգնել: Մեր բժիշկները հերոսական աշխատանք են կատարել: Համավարակի դեմ պայքարի հաջորդ փուլը պատվաստումների սկիզբը կլինի: Ներկայումս բանակցում ենք տարբեր ընկերությունների հետ»,-եզրափակել է նախարարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ