fbpx
Տնտեսություն

Siemens-ը «Երևան-2» ջէկի կառուցման համար արդիական սարքավորումներ կմատակարարի

Գերմանական Siemens ընկերության պաշտոնական կայքում տարածված հայտարարության համաձայն՝ ընկերությունը «Երևան-2» գազատուրբինային ջերմաէլեկտրակայանի կառուցման համար արդիական սարքավորումներ կմատակարարի: «Երևան-2» նախագիծը Siemens-ի համար Հայաստանից ամենախոշոր պատվերն է:

Նաև նշված է, որ ընկերությունը 20 տարի կիրականացնի ջէկի սպասարկումը: Siemens-ը 40 տոկոս բաժին ունի ջէկի կառուցման և շահագործման համար ստեղծված ArmPower ընկերությունում:

«Ռենկո» ընկերությունը պատասխանատու է ջէկի նախագծման և կառուցման աշխատանքների համար և «Սիմեսթ» ընկերության հետ հանդիսանում է ArmPower ընկերության 60 տոկոս բաժնետերը:

2019 թվականի մարտի 4-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Երևանում 250 մեգավատտ հզորությամբ ջերմաէլեկտրակայանի կառուցման վերաբերյալ ուղիղ համաձայնագրի ստորագրումը: Այն ստորագրվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի (Համաշխարհային բանկի խումբ) տարածաշրջանային կառավարիչ Յան վան Բիլսենի, Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի, «Ռենկո»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիի, «Արմփաուեր»-ի լիազորված ներկայացուցիչ Սիմոնե Ջովաննինիի, «Ամերիա» բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի, Գերմանական ներդրումային կորպորացիայի (DEG) Հայաստանի պատասխանատու Պետեր Գյերգյայի, «Սիմենս փրոջեքթ վենչրս»-ի գործադիր տնօրեն Կլաուս Քոլոֆի կողմից:

2018 թվականի նոյեմբերին Երևանում ժամանակակից ջէկ կառուցելու վերաբերյալ եռակողմ շրջանակային համաձայնագիր էր ստորագրվել ՀՀ կառավարության, «Արմփաուեր»-ի և «Ռենկո»-ի միջև:

Նշվել է, որ 250 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ այս ներդրումային նախագիծը կյանքի կկոչվի 26 ամսվա ընթացքում ու այլ ջերմաէլեկտրակայանների համեմատ էլեկտրաէներգիայի արժեքը կլինի ամենացածրը։ Նոր ջէկի շինարարության մեջ կներգրավվի 1000-1200 մարդ, իսկ շահագործման ժամանակ կստեղծվի 230 աշխատատեղ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ