fbpx
Հասարակություն

Հայաստանի զարգացման ուղին մեկն է. գիտելիքը․ ԲՏԱ նախարարը՝ Սիլիկոնյան լեռներ գագաթնաժողովին

ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտնել է, որ նոյեմբերի 19-ին Մատենադարանում տեղի է ունեցել «Սիլիկոնյան լեռներ» (Silicon Mountains) միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը, որը նվիրված է տնտեսության մեջ խելացի լուծումների կիրառությանը (Digital Smart Economy)։

«Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, ոլորտի ներկայացուցիչներ։

Գագաթնաժողովի հատուկ հյուրն էր «Սինոփսիս» ընկերության նախագահ, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Չի-Ֆուն Չանը։

Բացման խոսքով հանդես է եկել «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը։ Նա խոսել է ներկայիս արագ փոփոխվող աշխարհի մարտահրավերների, դրանց դիմակայելու, միևնույն ժամանակ դրանցից օգտվելու և հաջողություն գրանցելու հնարավորությունների մասին՝ այն կապելով գագաթնաժողովի թեմայի և տրամաբանության հետ։

Ներկաներին ողջունել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։ Նա շեշտադրումներ է կատարել անցած 2 տարիների ընթացքում ոլորտի զարգացմանն ուղղված պետական ծրագրերի վերաբերյալ, նշել, որ հարյուրավոր նոր ընկերություններ են հիմնվել, որոնք պետական օրենքների հիման վրա ստացել են արտոնություն՝ ընդլայնելով և զարգացնելով իրենց գործունեությունը։

«Արդեն իրողություն է, որ 1 մլրդ-ը գերազանցող կապիտալով հայկական ընկերություն ունենք՝ Հայաստանում հիմնված, մեր երկրում գործող, հարյուրավոր աշխատողներ գրանցած»,- խոսելով տեխնոլոգիական ոլորտի հաջողությունների մասին՝ շեշտել է ԱԺ նախագահի տեղակալը։

Գագաթնաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին ողջունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։

Նախարարն ընդգծել է այն հանգամանքը, որ վերջերս ձևավորվել է մի միջավայր, որտեղ մեկ ամսվա ընթացքում բարձր տեխնոլոգիաների բնագավառի համայնքի ներկայացուցիչները միջոցառումներ են իրականցնում՝ Ինժեներական շաբաթ, DigiWeek, DigiTec, հիմա «Սիլիկոնյան լեռներ» գագաթնաժողով և այլն:

Վահագն Խաչատուրյանը նշել է, որ վերջին 20 տարիների փոփոխությունները հանգեցրել են նրան, որ ավելի գնահատվի գիտելիքը, հնարավորությունը, տաղանդը, որը տարիներ շարունակ այլ ուղղությամբ է օգտագործվել:

«Հիմնականում այն միտված էր դեպի սպառողական, և ոչ թե ստեղծագործ հասարակություն ունենալուն: Բարձրացրած հարցերը, առաջադրված խնդիրները, որ կային այդ 20 տարիների ընթացքում, ի վերջո իրականություն են դառնում: Հաջորդ հաջողությունների իրականացումը կախված է բոլորիցս. պետություն, հասարակություն և առավել ևս՝ համայնք։ Բոլոր հանդիպումների ընթացքում համայնքը մի կարևոր հարց է բարձրացնում՝ Հայաստանի զարգացման ուղին մեկն է. գիտելիքը»:

Նախարարը հավելել է, որ այս ուղղությամբ նախարարությունը վերջին 2 տարիների ընթացքում համակարգված աշխատանքներ է իրականացնում, որոնց արդյունքում մասնագիտական գիտելիք ստանալու հնարավորություն է տալիս բոլորին:

«Այս առումով նախարարության քաղաքականությունը շատ հետաքրքիր է և ժամանակակից լուծում է ստացել: Այդ աշխատանքին մասնակցում եք նաև դուք, որպես այդ բնագավառի ներկայացուցիչներ: Մարդիկ, ովքեր պետք է դառնան ձեր աշխատակիցները, դուք ինքներդ եք կրթում: Մենք, որպես կառավարություն, ձեզ այդ հնարավորությունը տալիս ենք: Սա լավագույն օրինակն է պետություն-մասնավոր համագործակցության», – նշել է նախարարը:

Գագաթնաժողովի ընթացքում ողջույնի խոսքով և դասախոսությամբ հանդես է եկել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիր դր. Չի-Ֆուն Չանը։ Նա շնորհակալություն է հայտնել մրցանակի համար՝ նշելով, որ նման մրցանակի արժանանալը մեծ պատիվ է իր և իր ամբողջ թիմի համար:

«Ուզում եմ շնորհավորել միջոցառման կազմակերպիչներին այս գագաթնաժողովը նախաձեռնելու համար։ Ողջունելի է հատկապես, որ այն անցկացվում է Մատենադարնում, որը հանդիսանում է դարերից եկած կրթության և գիտության մեծ պահոց: Այս գագաթնաժողովի անվան մեջ մի կարևոր բառ կա՝ զարգացում. թե ինչպես ենք մենք առաջընթաց գրանցում այս փոփոխվող միջավայրում: Եվ այս գագաթնաժողովից ես ինձ հետ վերցնելու եմ 3 գաղափար, որը գրեթե բոլոր բանախոսները նշեցին. փոփոխություն, զարգացում և ամենակարևորը՝ վստահություն։ Որպեսզի հաջողություն գրանցես և փոփոխություն բերես, պետք է ունենաս վստահելի թիմ», -նշել է Չի-Ֆուն Չանը:

Միջոցառման պաշտոնական ելույթները եզրափակվել են «Բարձր տեխնոլոգիաներ․ «Սիլիկոնային սարեր» թեմային նվիրված 1 նամականիշով երկկողմանի փոստային բացիկի մարումով:

Սիլիկոնյան լեռներ (Silicon Mountains) միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի կազմակերպիչը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ