Սիմվոլիկ եմ համարում, որ առաջին շրջանավարտները իրենց դիպլոմները ստանում են նոր Հայաստանում. Փաշինյան

Ամենադիտվածներ

Սիմվոլիկ եմ համարում, որ առաջին շրջանավարտները իրենց դիպլոմները ստանում են նոր Հայաստանում. Փաշինյան

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղ: Վարչապետն այնտեղ մասնակցել է շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը:  Բուհն այս տարի իր առաջին շրջանավարտներն է տալիս:

«Շնորհավորելով ձեզ, սիրելի շրջանավարտներ, շատ կարևոր և սիմվոլիկ եմ համարում, որ ահա առաջին շրջանավարտները իրենց դիպլոմները ստանում են նոր Հայաստանում: Այն փոփոխությունները, որ այսօր Հայաստանում տեղի են ունենում, տեղի են ունենում ձեր աջակցությամբ և ձեր մասնակցությամբ», – իր ելույթի ժամանակ նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հավելել է. «Այսօր դուք որպես շրջանավարտ, որպես արդեն բակալավրի կոչում ունեցող, բարձրագույն կրթություն ունեցող անձիք, անշուշտ, ձեր նպաստն եք բերելու Հայաստանի հետագա զարգացմանը, ձեր նպաստն եք բերելու հայ-ռուսական հետագա հարաբերությունների զարգացմանը, որը, ինչպես Հայաստանի Հանրապետության համար ունեցել է ռազմավարական նշանակություն, այնպես էլ ունի և պիտի ունենա ռազմավարական նշանակություն:

Ուզում եմ ձեզ  և մեզ բոլորիս հաջողություն մաղթել մեր հայրենիքի շենացման գործում: Համոզված եմ՝ ձեզնից յուրաքանչյուրը շատ ծանոթ է մեր հայտնի կարգախոսին, և այսօր, առավել ևս, դուք պիտի իմանաք, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուն, և այդ մեկ մարդը ձենզից յուրաքանչյուրն է»:

 

 

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ