«Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկնարկել է դրամահավաք-արշավ, որի նպատակն է վերակառուցել Սյունիքի մարզի Սպանդարյան ջրանցքի վթարված հատվածները։ Արշավը, որը 33-րդ անգամ է միավորում աշխարհասփյուռ հայերին, այս տարի ներկայացել է նոր ձևաչափով՝ հանրային և մշակութային գործիչների մասնակցությամբ զրույցների և հայրենիքի մասին մտորումների շարքով։ Արշավի ընթացքում ցուցադրվել են մոտիվացիոն տեսաֆիլմեր, որոնք արտահայտում են հիմնադրամի նոր տեսլականը՝ որպես հայերի միավորման և հայրենիքի հավերժության ուղերձ։
Սպանդարյան ջրանցքի վերակառուցումը կենսական նշանակություն ունի Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերի համար, որոնք ներկայումս զրկված են ոռոգման ջրից։ Ջրանցքի վերակառուցումը հնարավորություն կտա 730 ընտանիքի (4320 բնակիչ) ապահովել ոռոգման ջրով և արդյունավետ օգտագործել 2800 հա հողատարածք՝ նպաստելով մարզի տնտեսական զարգացմանը։

