Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը հայտնել է, որ Լոնդոնի Քենսինգթոն թագավորական համայնքի Սբ․Քաթսբերթ եկեղեցում հոկտեմբերի 16-֊ին կայացել է հոբելյանական համերգ և ցուցահանդես՝ նվիրված կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին։
«Միջոցառումը կազմակերպվել էր «Քլինգեն» երգչախմբի ու մշակութային ասոցիացիայի և նրա գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Սիփան Օլահի ջանքերով՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հովանու ներքո։
Միջոցառմանը ներկա էին ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը և դեսպանատան անձնակազմը, անգլիական եկեղեցու հոգևոր հովիվ, Սբ․Քաթսբերթ եկեղեցու հոգևորական Փոլ Բեգոտը, ՄԹ-ում Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ սրբազան Հովակիմ Մանուկյանը, Լորդերի պալատի անդամները, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Վարդան Ալթունյանը, հայկական համայնքային խորհրդի ողջ անձնակազմը, ՄԹ-ում հայկական մի շարք կազմակերպությունների ատենապետեր, երաժիշտներ Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայից և Թագավորական երաժշտական քոլեջի կոլեկտիվից։
Երեկոյի ընթացքում ընթերցվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի շնորհավորական ուղերձը։
- ԿԳՄՍՆ ենթակայության կազմակերպությունները հունիսի 1-ին անակնկալներ կմատուցեն երեխաներին
- Ֆինլանդիայում բացվել է զգացմունքների առցանց թանգարան
Նշվում է, որ համերգին մասնակցում էին միջազգային ճանաչում ունեցող բազմաթիվ երաժիշտներ՝ դաշնակահարներ Յուլյա Չապլինան (Ռուսաստան), Սթավրոս Դրիթսասը (Հունաստան), Մարի Փալազյանը (Լիբանան-Անգլիա), մեներգիչներ՝ սոպրանո Անդրիանա Յորդանովան (Մալթա), մեցցոսոպրանո Հելեն Ռոթշելը (Անգլիա), սոպրանո Հայարփի Եղիկյանը (Հայաստան-Անգլիա), ջութակահար Անի Բադիկյանը (Անգլիա-Հայաստան) և «Քլինգեն» երգչախումբն և կամերային նվագախումբը. գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը Սիփան Օլահն է, ով հանդես եկավ նաև որպես մեներգիչ (տենոր) և դաշնակահար:
Այս համերգով հիմք է դրվել «Քլինգեն» կամերային նվագախմբին․ համերգը նվագախմբի անդրանիկ ելույթն էր:
Սպենդիարյանի «Երևանյան էտյուդներ» սիմֆոնիկ ստեղծագործությունը ՄԹ-ում համերգային կատարմամբ հնչել է առաջին անգամ (փոխադրումը կամերային կազմի համար՝ Սիփան Օլահի)։
Միջոցառման ընթացքում ցուցադրվել են անգլահայ հայտնի նկարիչներ Լեոնի Պիլարտի և Աննա Վիրաբյանի կտավները՝ նվիրված մեծ կոմպոզիտորների երաժշտական ժառանգությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։