Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ընտրել են «Աստծո կամոք»։ Այս մասին խոսնակը հայտարարել է քրիստոնեական CBN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։
Նա վստահ է, որ Թրամփը նախագահ է դարձել, քանի որ դա ցանկացել է Աստված։
«Կարծում եմ՝ Աստված մեզ բոլորին տարբեր ժամանակներ տարբեր գործերի է մղում, և նա ցանկացել է, որպեսզի Դոնալդ Թրամփը նախագահ ընտրվի, այդ իսկ պատճառով նա դարձավ նախագահ»,- նշել է Սանդերսը։
Նրա խոսքով՝ Թրամփը վիթխարի աշխատանք է արել հավատացյալներին հուզող շատ հարցերի լուծման համար։ Սանդերսը նաև վստահեցրել է, որ Սիրիայից ամերիկացի զինվորականների հեռանալը չի հանգեցնի այդ երկրում քրիստոնյաների հետապնդումների։
«Նախագահը հստակ հայտարարել է, որ մենք աջակցում ենք քրիստոնյաներին, աջակցում ենք քրդերին»,- ասել է նա։
