Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինն այնքան ժամանակ չեն հանդիպի, քանի դեռ Սև ծովի շուրջ իրավիճակը չի կարգավորվել:
Ինչպես նշում է Hill-ը, այս մասին ասել է Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
«Քանի դեռ ուկրաինական նավերն ու դրանց անձնակազմերը շարունակում են անազատության մեջ լինել, մոտ ապագայում երկու ղեկավարների միջև հանդիպման հավանականություն չեմ տեսնում»,-ասել է Բոլթոնը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Նշվում է, որ երեք ուկրաինական նավ ուղղություն է վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով:
Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը: Բացի այդ, ռուսական սահմանապահ նավը վնասել է ուկրաինական քարշակին, որը հետևում էր նավերի խմբին: Այնուհետև Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:
Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: Ուկրաինայի ռազմածովային ուժերի փոխանցմամբ՝ ռուս սահմանապահները նավերը կանգնեցրել են զենքի կիրառմամբ: Դրա հետևանքով վիրավորվել է 3 ուկրաինացի զինծառայող: