fbpx
Արցախ

Արցախում մայիսի 9-ին ընդառաջ կայացել է խաչերթ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր

«Արցախպրես»-հաղորդմամբ՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից մայիսի 8-ին պետական պաշտոնյաների, զինվորականների ու հարյուրավոր քաղաքացիների մասնակցությամբ տեղի է ունեցել խաչերթ՝ դեպի Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր:

Մինչ այդ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել ժամերգություն, որից հետո եկեղեցու զանգերի ղողանջների ներքո մեկնարկել է խաչերթը՝ առաջնորդությամբ հատուկ այդ առթիվ Արցախ բերված հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթ թագավորի Սուրբ Խաչի և ՊԲ հովանավոր Սուրբ Գրիգորիսի Խաչվառի, որը տանում էին զինվորականները:

Խաչերթին են միացել նաև արցախցի պատանիներ՝ ի նշան երախտագիտության ու հիշատակի՝ Արցախյան պատերազմում նահատակված հայ զինվորների:

Քաղաքային հուշահամալիրում Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստյան պաշտոն և աղոթք՝ Արցախյան պատերազմի բոլոր նահատակների համար:

Արցախի թեմի առաջնորդի խոսքով՝ այս օրերին համախմբող պետք է լինի ոչ միայն հիշողությունը, այլ նաև վաղվա օրվա նկատմամբ հույսը:

«Ինչպես ասում է Սուրբ Գիրքը, հույսը երբեք չի ամաչեցնում:Այս օրերին, ապրելով Արցախում և Մայր հայրենիքում, տեսնում ենք, որ փոթորկալից է մեր հոգին և միտքը: Պետք է խաղաղեցնենք ու խաղաղ հոգով կարողանանք ապահովել վաղվա մեր խաղաղությունը՝ մեր մեջ ունենալով Աստծուն:Ուստի ապրելով այս օրերում՝ մեր համախմբվածությամբ՝ մեր մտքի մեջ պետք է լինի մեկ կարևոր նշանաբան՝ միաբանվել մի գաղափարի շուրջ,որը նպաստում է հայապահպանությանը»,-ասաց Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

«Արցախպրես»-ի հետ զրույցում Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը խաչերթն անհրաժետություն համարեց՝ հոգեպես վերածնվելու և ներքուստ վերակազմավորվելու ու վերաիմաստավորվելու տեսանկյունից: «Պատմականորեն ծանր ժամանակահատված ենք ապրում, բայց մենք պարտավոր են և պետք է կորուստներին ու տառապանքներին դիմակայելով ազգանպաստ, հեռահար ու նոր ծրագրեր մշակենք և առաջ գնանք»,-ասաց նախարարը՝ համոզմունք հայտնելով, որ այդ է թելադրում մայիսի 9-ի խորհուրդը:

Խաչերթին մասնակցել են նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը, պատգամավորներ, Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, պետական պաշտոնյաններ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ