fbpx
Աշխարհ

Սուդանում անցումային կառավարություն կստեղծվի

Սուդանի Ռազմական խորհուրդը և ընդդիմադիր ուժերը բանակցությունների ընթացքում համաձայնության են հասել անցումային շրջանում մինչև ընտրությունները ղեկավար մարմին ստեղծելու շուրջ: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն:

Կողմերը համաձայնել են ստեղծել քաղաքացիական և զինվորական ներկայացուցիչներից ինքնիշխան խորհուրդ, որը կգործի նվազագույնը 3 տարի: Կձևավորվի նաև անկախ կառավարություն և կսկսվի վերջին շաբաթներին տեղի ունեցած բռնության ակտերի քննությունը:

Բանակցային գործընթացը վերականգնվել էր չորեքշաբթի Սուդանի մայրաքաղաքում: Կողմերը քննարկել են երկրի ապագա քաղաքական կառուցվածքի հարցերը: Երկխոսության գլխավոր նպատակը կառավարող մարմնի ստեղծումն էր: Բանակցություններում միջնորդներն են Եթովպիան և Աֆրիկյան միությունը:

Սուդանում կիրակի ընթացել էր «Միլիոնների երթը», որին ընդդիմադիր դաշինքի կոչով մասնակցել էին ամբողջ երկրում տասնյակ հազարավոր մարդիկ: Ռազմական խորհրդին ցուցարարների գլխավոր պահանջն էր երկրում իշխանության անհապաղ փոխանցումը քաղաքացիական ուժերին: Ոստիկանները ցուցարարների դեմ կիրառել էին արցունքաբեր գազ, մի շարք վայրերում տեղի էին ունեցել բախումներ անվտանգության ուժերի հետ, որի հետևանքով մահացել էր 7 մարդ, 181-ը վիրավորվել էր:

Դրանից հետո Սուդանի Ռազմական խորհուրդը հայտարարել էր Աֆրիկյան միության միջնորդությամբ ընդդիմության հետ անմիջապես բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ