Անհայտ դիպուկահարները կրակել են խաղաղ քաղաքացիների և հատուկջոկատայինների ուղղությամբ Սուդանի մայրաքաղաք Խարթումում ցույցի ժամանակ։ Այս մասին հաղորդում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ մեջբերելով Սուդանի Անցումային ռազմական խորհրդի ղեկավարի տեղակալ Մուհամադ Համդան Դեքլոն:
Ավելի վաղ Անցումային ռազմական խորհուրդը վերագրել էր պատասխանատվությունը կիրակի նշանակված բողոքի ցույցերի բոլոր հնարավոր հետևանքների համար ընդդիմադիր ուժերի վրա, որոնք կոչ էին արել քաղաքացիներին դուրս գալ փողոց: Հաղորդվել է, որ կիրակի ցույցը ցրելու համար Սուդանի ոստիկանությունը արցունքաբեր գազ էր կիրառել:
Դեքլոյի խոսքով՝ դիպուկահարները կրակել էն սուդանցի երեք հատուկջոկատայինների և վեց խաղաղ քաղաքացիների ուղղությամբ ռազմական հոսպիտալի և երիտասարդական կենտրոնի շենքի մոտ: Դեքլոն հույս է հայտնել, որ դիպուկահարները կձերբակալվեն և կդատապարտվեն:
Սուդանում ռազմական հեղաշրջումը տեղի էր ունեցել ապրիլի 11-ին չորս ամիս տևած ժողովրդական ցույցերի ֆոնին: Նախագահ Օմար ալ Բաշիրը հեռացվել էր իշխանությունից, իսկ ավելի ուշ՝ բանտարկվել: Իշխանությունը ստանձնել էր բանակի կողմից ձևավորված անցումային ռազմական խորհուրդը, որը հայտարարել էր, որ երկու տարվա ընթացքում փոխանցելու է երկրի կառավարումն ընտրված իշխանություններին: Սակայն ժողովրդական բողոքի ցույցերը, չնայած զինվորականների խոստումներին, չեն դադարում: Ցուցարարները պահանջում են անհապաղ ձևավորել քաղաքացիական կառավարական մարմին և փոխանցել նրան իշխանական բոլոր լիազորությունները:
Սուդանի մայրաքաղաքում և ընդհանուր առմամբ երկրում իրավիճակը սրվել էր հունիսի 3-ին, երբ Սուդանի զինվորականները ցրել էին Խարթումում վրանային ճամբարի մի մասը: