ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը փոխնախարար Բագրատ Բադալյանի ուղեկցությամբ հունիսի 26-ին աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի, Լոռու և Տավուշի մարզերում՝ միջպետական և հանրապետական նշանակության Մ6 և Մ4 ճանապարհների ընթացիկ և ավարտված շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով։
Նախարարի այցի առաջին կանգառն եղել է (Մ-4) Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ճանապարհի
Սևանի թերակզի տանող ճանապարհահատվածում։ Նախարար Պապիկյանը կապալառու ընկերության ղեկավարների և մասնագետների հետ քննարկել է նորոգման ավարտական փուլում գտնվող այս ճանապարհահատվածի աշխատանքների որակին ու սպասարկմանը, երթևեկության անվտանգության ապահովման համար ձեռնարկված միջոցառումներին առնչվող հարցեր, ինչպես նաև զրուցել թերակղզու հարակից տարածքում մանրածախ առևտրով զբաղվող անձանց և տեղացիների հետ թերակղզի տանող նորոգված ճանապարհների հարմարավետության և պատշաճ պահպանման մասին։ Նախատեսվում է զբոսաշրջային կարևորագույն այս ճանապարհահատվածում միջին նորոգման աշխատանքներն ավարտին հասցնել մինչև հուլիսի սկիզբ՝ հանգստի ակտիվ շրջանի մեկնարկը։
Հաջորդիվ Սուրեն Պապիկյանն այցելել է Վանաձոր-Ալավերդի- Վրաստանի սահման (Մ6) ավտոճանապարհի հիմնանորոգվող հատվածներ, նախ եղել Վանաձորից «Թումանյան» կայարան ձգվող ճանապարհահատվածում, որի շինարարությունն ավարտվել է 2018 թվականի վերջին։ Փոխնախարար Բագրատ Բադալյանը նախարարին ներկայացրել է իրականացված աշխատանքները՝ նշելով, որ 38,5կմ ճանապարհահատվածն ամբողջությամբ ասֆալտապատված է, կառուցվել և նորոգվել են հենապատերը, վերականգնվել է ջրահեռացման համակարգը, տեղադրվել են մետաղական արգելափակոցներ և ճանապարհային նշաններ, կատարվել է գծանշում, վերանորոգվել են մայթերը։
Շրջայցը շարունակվել է Վրաստանի հետ կապող Մ6 միջպետական ճանապարհի երկրորդ՝ Թումանյանից և մինչև Բագրատաշենի մաքսային անցակետ ձգվող 51,74 կիլոմետրանոց հատվածում, որի՝ 2018թ. մայիսին սկսված հիմնանորոգումը շարունակվում է։ Նախարարը ծանոթացել է այստեղ կատարվող աշխատանքներին։
Նախարարի ուշադրության կենտրոնում էր հատկապես Ալավերդի քաղաքով անցնող շինարարական տեղամասը։ Ալավերդու տարածքում կապալառու կազմակերպությունն այս պահին կատարում է մայթերի եզրաքարերի տեղադրման, ջրահեռացման համակարգի վերակառուցման, հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորման, հողային շերտի լիցքի և ճանապարհային հագուստի կառուցման աշխատանքներ։
Նախարար Պապիկյանը զրուցել է կապալառու կազմակերպությունների, շինաշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատու ընկերության ներկայացուցիչների, շինարարների հետ։ Անդրադարձ է եղել շինարարության ընթացքում առաջացող խնդիրներին ու դրանց լուծման մեխանիզմներին։ Նշվել է, որ ճանապարհի հիմնանորոգման ընթացքում երևան են գալիս հաղորդակցուղիների հետ կապված, նախագծային որոշ հարցեր, սակայն դրանք ընթացքում լուծվում են։
«Մենք խնդիր ենք դրել ունենալ բարձր որակի ճանապարհներ և հետամուտ ենք լինելու այս խնդրի լուծմանը։ Այստեղ կարևոր է ոչ միայն ոլորտի քաղաքականությունը մշակող մարմնի, այլ նաև շինարարի հետևողական և բարեխիղճ աշխատանքը»,- նշել է նախարարը՝ հանձնարարելով պատասխանատուներին ուշադրության կենտրոնում պահել նախագծման և մրցութային գործընթացները, հետևել շինարարության ժամկետների պահպանմանը։
Այնուհետև նախարարն այցելել է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայր՝ ծանոթանալու լեռնահանքային համալիրի տնտեսությանը։
Վերադարձին Սուրեն Պապիկյանը դիտարկել է նաև Մ4 միջպետական ճանապարհի մնացյալ հատվածները՝ Բագրատաշենի անցակետից Իջևան-Սևան-Երևան ձգվող ուղղությամբ։
Այս մասին տեղեկացնում են ՏԿԵՆ պաշտոնական կայքից։