fbpx
Քաղաքականություն

Հիմա հասել ենք մի կետի, որ սպառում ենք մեր սխալվելու հնարավորությունները․ վարչապետ

Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը մեկնարկեց օրհներգով ու մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Արցախյան վերջին պատերազմում զոհված հերոսների: Հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին նաև 13 տարի առաջ այս օրը՝ մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով զոհվածների հիշատակը:

«Գիտեմ՝ ամենատարբեր տեղերից սկսվել են շահարկումներ, թե այս հրապարակում, այսպես ասած, բերված մարդիկ են: Այդ փաստին անդրադառնալու մի ձև կա, այդ հարցին պատասխանելու մի ձև կա՝ հրապարակի հավաքականությունը՝ առաջին շարքից մինչև վերջին շարքը, մարդիկ ինչպես են մասնակցում ու հաղորդակցվում հարթակի հետ: Պիտի ցույց տանք, որ ինչպես եղել ենք, այնպես էլ կանք ու կլինենք միասին որպես ՀՀ հպարտ, հաղթական, լավատես ու դուխով քաղաքացիներ»,- ասել է վարչապետը:

Փաշինյանը նշել է, որ այս տարի մարտի 1-ը դիմավորում ենք բոլորովին այլ իրավիճակում. Արցախյան երկրորդ պատերազմի ծանր հետևանքներով, հազարավոր զոհերի փաստը, անհետ կորածների առկայությունը, բազմաթիվ անհետ կորածների հանգամանքը, բռնության քարոզը, ԶՈՒ-ը և դատական համակարգը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը մեր առաջ դրել են նորանոր մարտահրավերներ, որոնք ունեն անվտանգային, տարածաշրջանային, արտաքին քաղաքական, ներքաղաքական բնույթ, և դրանց կառավարումից է կախված մեր ժողովրդի ապագան:

«Հիմա հասել ենք մի կետի, որ սպառում ենք մեր սխալվելու հնարավորությունները: Մեր անկախության 30 տարում մենք թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները, որ հնարավոր էին տեսականորեն ու գործնականում: Վերջին 2 տարի և 10 ամսում մենք նույնպես թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները: Ես նկատի ունեմ մեր կառավարությանը. խոսքն անձամբ իմ մասին է: Եվ ուզում եմ ձեզնից բոլորից՝ ՀՀ քաղաքացիներից, ԱՀ քաղաքացիներից, Սփյուռքի հայերից, ներողություն խնդրել:

Շատ եմ մտածել, թե որտեղ եմ սխալվել: Կոնկրետ դեպքեր կարելի է թվարկել, բայց ավելի կարևոր է՝ ինչու ենք մենք սխալվել: Որքան էլ տարօրինակ թվա՝ մեր սխալների մեծագույն պատճառներից մեկը մեր սիրված լինելն է եղել որպես իշխանություն: Մենք այնքան սիրված ենք եղել, որ ձգտելով արդարացնել ժողովրդական այդ սերը և մեր սերը հայրենիքի նկատմամբ, ցանկացել ենք ամեն ինչ անել ճշգրիտ և կատարյալ: Եվ կատարելության փնտրտուքը շատ դեպքերում բերել է անգործության, երբեմն՝ իրադրության բերումով անխուսափելի է եղել ընտրությունը վատի և վատթարագույնի միջև, բայց մենք հրաժարվել ենք կատարել այդ ընտրությունը՝ մտածելով, որ ժողովուրդը մեզ իշխանության է բերել, որ մենք իր համար ընտրություն ձևավորենք լավի ու լավագույնի միջև: Ու մինչ մենք ջանքեր ենք գործադրել ստեղծել ընտրություն, պարզվել է, որ վատի ու վատագույնի ներկայությունը այնքան արմատացած է, այնքան խոր, որ ընտրությունը անբեկանելի է ու անշրջելի, և լավագույն ընտրությունը պետք է լիներ վատի ընտրությունը»,- նշեց վարչապետը։

Խոսում ենք սխալներից, բայց չի նշանակում, թե նվաճումներ չենք ունեցել՝ նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ մեր մեծագույն խոստումը պիտի լինի այդ նվաճումները պահպանելն ու պաշտպանելը:

«Այդ նվաճումներից մեկը, որ մենք ունենք, ժողովրդի իշխանությունն է, ժողովրդի կողմից իշխանություն ձևավորելու իրավունքը: Եվ այն բոլոր ճգնաժամերը, որ մենք ունենք, պիտի լուծվեն ոչ թե ժողովրդի սահմանադրական իշխանության հաշվին, այլ ընդհակառակը՝ ժողովրդի իշխանության վերահաստատմամբ: Ժողովրդի՝ իշխանություն ձևավորելու իրավունքը ոչնչով չպետք է վտանգվի, այլ ընդհակառակը՝ ավելի պիտի ուժեղանա: Այսինքն՝ ՀՀ-ում միայն ժողովուրդը պիտի որոշի՝ ով լինի և ով չլինի իշխանություն:

Մեր ընթացիկ ճգնաժամի առանցքը հենց սա է: Ժողովրդի իշխանությունը իր ձեռքից ուզում են խլել, և մենք հավաքվել ենք ասելու, որ դա թույլ չենք տալու: Թույլ չենք տալու տասնամյակների պայքարի ու զրկանքների արդյունքում ձեռք բերած այդ նվաճումը ոչնչացնել, և դուք՝ ժողովուրդը՝ ՀՀ քաղաքացին, ինչպես եղել, այդպես էլ շարունակելու է մնալ բարձրագույն իշխանություն ՀՀ-ում: Կապ չունի՝ ով կլինի այստեղ կանգնած որպես առաջնորդ ժողովրդին դիմելիս, նա կարող է լինել միայն մեկը, ում ժողովուրդը կընտրի իր ազատ, հպարտ, ինքնիշխան կամարտահայտությամբ: Որևէ ուրիշ ճանապարհ իշխանության հասնելու մենք թույլ չենք տալու»,- ընդգծել է  Փաշինյանը

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ