Մարզեր

Սյունիքի մարզպետը հանդիպել է Իտալիայի դեսպանի հետ

Մայիսի 2-ի առավոտյան Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հյուրն էր Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն:

Նա ճանաչողական այցով է գտնվում Սյունիքում, այցելել է նաև Տաթև և օրվա ընթացքում կլինի Մեղրիում:
Իտալացի դիվանագետը նշեց, որ Սյունիքը շատ կարևոր մարզ է, իսկ ինքը հիացած է նրա բնությամբ և հաջորդ անգամ ավելի երկարատև այցով կլինի այստեղ ու կծանոթանա տեղի գեղատեսիլ վայրերին: «Որպես Եվրամիության անդամ երկիր՝ Իտալիային ձեր մարզը շատ է հետաքրքրում այն ծրագրերի առումով, որոնք իրականացվում են այստեղ հայ-իրանական հարաբերությունների համատեքստում», – ասաց դեսպանը:

Զրուցակիցները ներկայացան իրար՝ կարևորելով հայ-իտալական հարաբերությունները և դրանց զարգացումը:
Հունան Պողոսյանը նշեց, որ մարզային իշխանությունը պատրաստ է ամեն տեսակի համագործակցության և ընդհանուր գծերով ներկայացրեց Սյունիքի համայնքներն ու տնտեսության կառուցվածքը, դրա զարգացման առանձնահատկությունները:

Նրանք միմյանց հրավիրեցին առաջիկայում կայանալիք երկու կարևոր բիզնես-ֆորումներին՝ մարզպետը՝ պարոն Դել Մոնակոյին «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի», իսկ դեսպանը վերջինիս՝ հունիսին Երևանում կազմակերպվող հայ-իտալական գործարար ֆորումին:

Իտալացի հյուրին հատկապես հետաքրքրում էին «Հյուսիս-հարավ» մայրուղու՝ Սյունիքով անցնող ճանապարհահատվածի նախագիծը, դրա կառուցման հեռանկարները, աշխատանքների ներկայիս ընթացքն ու ներդրումների հնարավորությունը, ու այդ թեման հանդիպման մանրամասն քննարկման առարկա դարձավ:
Տարբեր հարցերի շուրջ զրուցելուց հետո վերջում դիվանագետն ու մարզպետը փոխանակվեցին նվերներով:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ