Թալիշում իրադրությունն ընդհանուր առմամբ հանգիստ է, հատուկենտ կրակոցներ են հնչում։ Այս պահին գյուղում մեծ թափով շարունակվում են շինարարական աշխատանքները, Aysor.am-ի հետ զրույցում ասել է Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը՝ անդրադառնալով համայնքի վերակառուցման, վերաբնակեցման ապագա ծրագրերին։
«Բուռն ընթացքի մեջ են հիմքից կառուցվող 10 նոր առանձնատան շինարարական աշխատանքները։ Երկրորդ ծրագրով էլ 14 անհատական տուն է վերանորոգվում։ Աշխատանքները զուգահեռ են ընթանում։ 5-6 տարբեր շինարարական կազմակերպություն է աշխատում։ Նախատեսվում է, որ կառուցապատման և վերանորոգման աշխատանքները ավարտին կհասցվեն այս տարվա հուլիսին։
Դրանից հետո երևի 3-4 տուն ևս կվերանորոգվի։
Ինձ թվում է, որ եթե ամեն ինչ բարեհաջող լինի, մինչև սեպտեմբերի 1-ը բնակչության տեղափոխությունը կկազմակերպվի։ Այդ ժամանակ ավելի ակնառու կլինի, թե ինչ աշխատանքներ պետք է կատարվեն և ինչ հերթականությամբ», – ասաց Թալիշի գյուղապետը:
Նա նշեց, որ 10 նորակառույց առանձնատուն պետք է բաժին հասնի այն գյուղացիներին, որոնց տները գտնվում են առաջնագծից հակառակորդի անմիջական նշանառության տակ։
Վիլեն Պետրոսյանը տեղեկացրեց, որ ամբողջովին հիմնանորոգվել են Թալիշի դպրոցը, մանկապարտեզը և հանդիսությունների սրահը։ Վերջին երկուսը նաև կահավորվել է, իսկ դպրոցը կկահավորվի մոտ ապագայում։ Մինչ այդ, Ալաշանի դպրոցում թալիշեցի 33 երեխա է սովորում։
Հարցին՝ այս պահին գյուղում քանի՞ ընտանիք է բնակվում, Վիլեն Պետրոսյանը պատասխանեց՝ առայժմ մեկ՝ տարեց ամուսիններն իրենց որդու հետ։
Իսկ ինքն անձամբ պատրաստվո՞ւմ է վերադառնալ, հետաքրրքվեցինք։
«Ես իմ ընտանիքի հետ ապրում եմ Ալաշանում, որտեղ ապրում են նաև մյուս թալիշեցիները։ Գյուղ գնում-գալիս եմ ըստ անհրաժեշտության։ Թալիշեցիներից շատերն ուզում են վերադառնալ իրենց տները։ Բոլորս միասին վերադառնալու ենք գյուղ», – ասաց Վիլեն Պետրոսյանը։
Աղբյուր՝ https://www.aysor.am

