Թբիլիսիի՝ հունիսի 20-21-ի իրադարձությունների հետաքննությունը կշարունակվի իշխանության տապալման ու բռնազավթման մեղադրանքով: Այս մասին տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազության ներկայացուցիչը:
Նրա հայտարարությամբ՝ ելնելով գործի նկատմամբ հասարակության ունեցած մեծ հետաքրքրությունից՝ դատախազությունը շարունակում է հունիսի 20-21 ընկած ժամանակահատվածի իրադարձությունների ինտենսիվ հետաքննությունը՝ խմբակային բռնության, կազմակերպման ու ղեկավարման փաստերով:
«Այս փուլում կատարված լրացուցիչ քննչական գործողությունների հիման վրա ձեռք բերված ապացույցների ու տասնյակ վկաների ցուցմունքների վերլուծությունից ելնելով՝ քննչական մարմինը եկավ այն եզրակացության, որ հունիսի 20-21-ի գիշերն անհատները նախատեսել են բռնի ուժով տապալել կառավարությունը և զավթել այն: Այս մտադրության իրականացման առաջին փուլում նախատեսվել էր գրոհով վերցնել Վրաստանի խորհրդարանը: Դրան պետք է հաջորդեին հանցավոր գործողություններ երկրի ողջ տարածքում, ինչը չեզոքացվեց Վրաստանի իրավապահ մարմինների անմիջական մասնակցությամբ»,-ասաց դատախազության ներկայացուցիչը:
Նա հավելեղ, որ ըստ այս ամենի՝ քրեական գործին տրվել է իրավական որակավորում. ՆԳՆ-ն շարունակելու է հետաքննությունը Վրաստանի Քրեական օրենսգրքի 225 և 315 հոդվածներով: Այն ենթադրում է պետական իշխանության տապալման և բռնազավթման փորձ, որը հանգեցրել է լուրջ հետևանքների: Մոտ ապագայում մեղադրյալների ցանկը կավելանա:
Հետաքննության թափանցիկության ապահովման նպատակով Վրաստանի Գլխավոր դատախազությունը սերտորեն համագործակցում է Հանրային պաշտպանի և հասարակական կազմակերպությունների հետ: Այդ նպատակով նրանց խնդրվել է քննչական մարմնին ներկայացնել իրավախախտումներին առնչվող իրենց ունեցած փաստերը։