fbpx
Մշակույթ

Տեղի ունեցավ Ռոզի Արմենի «60 տարի բեմում» խորագրով մենահամերգը

Ս. թ. մայիսի 25-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել ֆրանսահայ հայտնի երգչուհի Ռոզի Արմենի «60 տարի բեմում» խորագրով մենահամերգը` Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ /գեղարվեստական ղեկավար` Երվանդ Երզնկյան/:

Ռոզի Արմենը հանդիսատեսին ներկայացել է տարբեր տարիների երկու տասնյակից ավելի սիրված երգերով: Համերգային ծրագիրը մշակվել էր հատուկ երևանյան մենահամերգի համար։

Շնորհավորելով անվանի երգչուհուն հոբելյանի առթիվ` Նազենի Ղարիբյանը ուղերձում նշել է. «Ձեր հմայիչ ու վառ կերպարի, կենսախինդ ու բազմաշերտ, կարելի է ասել առանց սահմանների «sans frontieres» արվեստի շնորհիվ Դուք ճանաչված եք ոչ միայն Ֆրանսիայում, ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի ամենատարբեր երկրներում` Բելգիայից մինչև Իրան: Դուք սփյուռքահայ արվեստագետների մեջ առաջիններից եք, որ այցելել եք ԽՍՀՄ և համերգով հանդես եկել Մոսկվայում, առաջիններից, որ այցելել եք նորանկախ Հայաստան` 1991-ին, ինչպես նաև առաջիններից, որ արձագանքել եք 1988 թ. երկրաշարժից հետո Շառլ Ազնավուրի կոչին` մասնակցելու իր նախաձեռնած «Քեզ համար, Հայաստան» երգի ձայնագրմանը: Ձեր երգերը, Ձեր հմայքն ուղեկցել են մի քանի սերունդ` նաև Հայաստանում»: Մեծ իրադարձություն համարելով Ռոզի Արմենի հոբելյանը արվեստի երկրպագուների համար` Նազենի Ղարիբյանը մաղթել է երգչուհուն արևաշող ու խաղաղ երկար կյանք. «Այս հոբելյանը թանկագին իրադարձություն է Ձեր արվեստի երկրպագուների համար: Ուստի, թույլ տվեք նշանավորել այն` պարգևատրելով Ձեզ ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով: Մաղթում ենք քաջառողջություն, հոգու բազում շնորհ և արևաշող ու խաղաղ երկար կյանք»:

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով, հայ երգի տարածման և հանրահռչակման, ինչպես նաև ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենը (Հովհաննիսյան) պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ