Դեռևս փետրվարի 2-ին «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանն իր Favebook-յան էջում կատարել է գրառում տեղեկատվական մաքսանենգության մասին՝ հայտնելով, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներով շրջանառության մեջ են դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքը։ ««Իմ քայլը» խմբակցության պատգամավորներով շրջանառության մեջ ենք դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով սահմանել ենք «անանուն աղբյուրներ» հասկացությունը և արգելել լրատվական գործունեություն իրականացնողներին հղում կատարել դրանց և փաստացի գովազդել անհայտ ծագումնաբանությամբ աղբյուրները, որոնք կարող են նաև ստեղծվել և ղեկավարվել արտաքին ուժերի կողմից և հանդիսանալ ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք»,- գրում է ԱԺ պատգամավորը։
Նախագծերի փաթեթներին կարող եք ծանոթանալ այստեղ և այստեղ
Այս հայտարարությունն աղմուկ է բարձրացրել և դարձել է քննարկումների թեմա։ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն աննկատ չի անցել և իր facebbok-յան էջում գրել է․ «Հարգելի՜ լրագրողներ, սիրով պատրաստ եմ ձեզ տրամադրել ցանկացած աջակցություն եւ տեղեկատվություն այս տհաս նախաձեռնության անթույլատրելիության միջազգային իրավական հիմքերի մասին։ Իրենք անգամ չգիտեն՝ ինչի մեջ են ներքաշվում։ «Զանգվածային լրատվության մասին» օրենքը ասենք փոխեցին, ՄԻԵԴ որոշումներն էլ են փոխելո՞ւ»։
Արթուր Հարությունյանն իր հարցազրույցներից մեկում փորձել է բացատրել, որ տվյալ նախաձեռնությունը կարող է օգնել տարբերակել և տարանջատել ֆեյք լրատվամիջոցներն իրականներից։ Սրա համար էլ խմբակցության պատգամավորներն առաջարկում են ստուգել ինֆորմացիայի աղբյուրները, ճշմարտացիությունը, ինչպես նաև զերծ մնալ ազգային անվտանգությանը սպառնացող տեղեկատվություններից։ «Մենք օրենքում առաջարկում ենք սահմանել անանուն աղբյուր հասկացությունը, որը բացվում է հետևյալ կերպ՝ «համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի օգտահաշիվ, կամ համացանցային կայքի ալիք, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից: Հաջորդ քայլով առաջարկում ենք արգելել լրատվական գործունեություն իրականացնողներին հղում կատարել այս աղբյուրներին: Այս դեպքում ամենակարևորն այն է, որ մենք որևէ կերպ չենք արգելում լրագրողների տեղեկություն տարածելու իրավունքը»,- այս մասին հարցազրույցներից մեկում հաղորդել է Արթուր Հարությունյանը:
Տեղեկացնենք, որ լրատվամիջոցների եկամտի աղբյուրների հրապարակման մասին փոփողություններ ևս կան։ «Մենք առաջակում ենք մի քիչ ավելի բացել հաշվետվության մասը, նախ՝ սահմանել, թե որտեղի՛ց են գոյանում լրատվամիջոցների եկամտի աղբյուրները, այսինքն՝ գովազդից, վճարովի եթերաժամանակից, այն ամեն ինչը, որից լրատվամիջոցները գումար են ստանում: Ինչպես նաև սահմանել, թե կոնկրետ ի՛նչ պետք է հրապարակվի այդ հաշվետվության մեջ, այդ թվում՝ այն, թե կոնկրետ ով ինչ մասնակցություն ունի այդ իրավաբանական անձի կապիտալում: Տարեկան հաշվետվությունը հրապարակվում է տարեկան մեկ անգամ՝ մարտին»,- նշել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Հարությունյանը:
Չհրապարակելու դեպքում մեծանալու է տուգանքի չափը։ Հիշեցնենք, որ ըստ 2003 թվականի օրենքի՝ որպես տուգանքի խախտում նախատեսվում էր վճարել նվազագույն աշխատավարձի տասնապատիկը։ Անանուն աղբյուրին հղում կատարելու և հաշվետվությունը չհրապարակելու դեպքում առաջին անգամվա համար տուգանքը սահմանվելու է նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով, կրկնվելու դեպքում՝ նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով: Օրինագիծը դրվել է շրջանառության մեջ։ Մեկ ամիս ժամանակ է տրամադրվել ցանկացած առաջարկություն քննարկելու համար։