fbpx
Իրավական

Տղամարդը սրճարանի հարակից տարածքում կրակոցներ է արձակել և «Պորշ Կայեն»-ով հեռացել․ առաջադրվել է մեղադրանք

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ. մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի 27-ամյա բնակչին:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. օգոստոսի 5-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի 27-ամյա բնակիչը, ալկոհոլի ազդեցության տակ, իր վարած «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենայով գնացել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում գործող սրճարանի հարակից տարածք, որտեղ իր անձի առավելությունը շրջապատում ընդգծելու մոլուցքով տարված, խուլիգանական մղումներով՝ իր կողմից ապօրինի ձեռք բերված «Կալաշնիկով» մոդելի հրազենով ավտոմեքենայի պատուհանից կրակոցներ է արձակել անհայտ ուղղությամբ և հեռացել, որի հետևանքով կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը:

Կատարվել է դեպքի վայրի և նշված ավտոմեքենայի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել են 7 հատ 7,62մմ տրամաչափի մարտական փամփուշտների կրակված պարկուճներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ