Թիմը կարող էր անել ավելին. Արմեն Բաբալարյան

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն ամփոփել է Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ:

«Ընդհանուր առմամբ, գոհ եմ այն ըմբիշներից, որոնցից մեդալ էինք սպասում՝ նվաճեցին, բայց թիմը ունակ էր ավելիին: 82 կգ քաշային կարգում Կարեն Խաչատրյանը նույնպես կարող էր մեդալի հավակնել, բայց պետք չէ մոռանալ մի քանի հանգամանք. նա դարձել էր աշխարհի պատանեկան չեմպիոն և փոխել է թե՛ տարիքային խումբը, թե՛ քաշային կարգը, ինչը բարդացրեց իրավիճակը: Կարենի քաշը 79 կգ է, իսկ նրա մրցակիցները 86-87 կիլոգրամից են իջնում: Քառորդ եզրափակիչում Կարենը գործող չեմպիոնին հաղթում էր, բայց վերջին վայրկյաններին պարտվեց: Առաջին սփոփիչ գոտեմարտում նա հաղթեց լեհ ըմբիշին, բայց երկրորդի ժամանակ չհավաքվեց և պարտվեց:

Պատանիների Եվրոպայի չեմպիոն Սահակ Հովհաննիսյանին էլ մի փոքր չբավականացրեց: Նա կարող էր եզրափակիչում լինել և դառնալ չեմպիոն: Բայց պետք չէ մոռանալ, որ սա նրանց առաջին տարին է երիտասարդների տարիքային խմբում, և կան դժվարություններ: Նախ 2 րոպեի փոխարեն ամեն մրցափուլը 3 րոպե է, և մրցակիցներն ավելի փորձառու ու պատրաստված են:

Հայկ Մելիքյանն արեց այն ամենը, ինչ կարողացավ: Եզրափակիչ գոտեմարտի ժամանակ նա չկարողացավ իրականացնել տակտիկական առաջադրանքը:

Մալխաս Ամոյանը կիսաեզրափակիչ գոոտեմարտում դժվարին իրավիճակից ելք գտավ և վերջին վայրկյաններին կամային հաղթանակ տարավ: Ի դեպ, մրցակից ռուս ըմբիշին նա պարտվել էր Կասպիյսկի միջազգային մրցաշարում:

Մինչև աշխարհի առաջնությունը կանցկացնենք հավաքներ և, հնարավոր է, կմասնակցենք միջազգային մրցաշարի, որից հետո պարզ կլինի հավաքականի կազմը»,- նշեց մարզիչը:

Հիշեցնենք, որ Մալխաս Ամոյանը (72 կգ) հռչակվել էր Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, Հայկ Մելիքյանը (67 կգ) դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Սահակ Հովհաննիսյանը (60 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ) նվաճել էին բրոնզե մեդալ:

Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

Ամենաթարմ