Երևան
10:00 17/12/2019

Տոնական օրերին Երևանի մի շարք կառույցներում կսահմանվի հերթապահություն

Տոնական օրերին մայրաքաղաքում մի շարք ոլորտների և ծառայությունների աշխատանքների նկատմամբ կսահմանվի ամենօրյա հսկողություն: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը առողջապահական և շտապբուժօգնության ծառայությունների պատասխանատուներին հանձնարարել է ապահովել օպերատիվ հերթապահություն և ուժեղացնել հսկողությունը քաղաքապետարանի ենթակայության բոլոր բուժհաստատություններում: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կաքից։

Հանձնարարվել է հերթապահություն սահմանել նաև կրթամշակութային և մարզական հաստատություններում՝ ջրամատակարարման, էլեկտրամատակարարման և ջեռուցման համակարգերի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով: Կենսապահովման ծառայությունների անխափան աշխատանքը կազմակերպելու համար էլ համակարգող պատասխանատուներին հանձնարարվել է սահմանել շուրջօրյա հերթապահություն, սերտորեն համագործակցել «Երևան Ջուր», «Երևան Գազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների պատասխանատուների հետ և հնարավոր վթարների մասին ահազանգերի դեպքում արագորեն արձագանքելով կարգավորել առաջացած խնդիրները: Հսկողություն և հերթապահություն կսահմանվի նաև մայրաքաղաքի տոնական ձևավորման նկատմամբ՝ վթարների դեպքում օպերատիվ արձագանքելու նպատակով:

Հաշվի առնելով տոնական օրերին քաղաքացիների ակտիվ տեղաշարժը՝ հանձնարարվել է խստորեն վերահսկել տրանսպորտի աշխատանքի պատշաճ կազմակերպումն ու ապահովումը: «Աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկին, կոմունալ ծառայություններին ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է ապահովել աղբահանության պատշաճ կազմակերպումը: Հատուկ հսկողություն կսահմանվի նաև «Թեժ գիծ» ծառայությամբ տոնական օրերին ստացվող քաղաքացիների հարցերին արագ արձագանքելու ուղղությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերեվ